շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մասնակցել են Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մասնակցել են Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը

Հունիսի 26-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը և ՄԻՊ  աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետ Էդգար Մարտիրոսյանը մասնակցել են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած՝ Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը։

Միջոցառմանը մասնակցել է նաև Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը։

Միջոցառումը անցկացվել է «Հավասարը՝ հավասարին» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է Քրեակատարողական ծառայության և Եվրոպայի խորհրդի համագործակցությամբ։ Ծրագրի շրջանակում Նուբարաշեն և Արմավիր քրեակատարողական հիմնարկների ազատությունից զրկված անձանց շրջանում իրականացվել են վերապատրաստումներ՝ հավասարը՝ հավասարին մեթոդով ուսուցում իրականացնելու նպատակով՝ թմրամիջոցների օգտագործման կանխարգելման և իրազեկվածության բարձրացման ուղղությամբ։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորում է թմրամիջոցների օգտագործման կանխարգելմանն ու դրա վնասակար հետևանքների նվազեցմանն ուղղված ծրագրերի իրականացումը՝ ընդգծելով, որ դրանք կարող են էական ներդրում ունենալ անձանց առողջության, իրավունքների արդյունավետ պաշտպանության և անվտանգ միջավայրի ապահովման գործում։

Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն։

  • Կիսվել: