«Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը միջնորդեց կասեցնել գործը ՍԴ-ում
«Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը ՍԴ նիստի սկզբում միջնորդեց կասեցնել գործը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը՝ ՍԴ նախագահ Արման Դիլանյանի նախագահությամբ, անցել է 7 կուսակցությունների միավորված հայցի քննությանը՝ հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքներով ԿԸՀ 259Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ Զեկուցողը ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանն է։ Պատասխանող կողմը ԿԸՀ-ն է, համապատասխանողներն են դատախազությունը, ՆԳՆ-ն, Հակակոռուպցիոն կոմիտեն։ Երրորդ կողմ է հանդես գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
ՍԴ նախագահը հիշեցրել է, որ նույնիսկ գործը կասեցնելու դեպքում պահպանվում են դրա քննության համար օրենքով սահմանված ժամկետը՝ 15 օր։ Պարզաբանող հարցին, թե արդյոք միջնորդությունը վերաբերում է դատարանի իրավասությանը, Դրմեյանը բացասական է պատասխանել։
Նա հայտնել է, որ կուսակցությունը հայց է ներկայացրել վարչական դատարան, ինչից հետո դիմել է ՍԴ։ Վերջինս վարույթ է ընդունել ԿԸՀ 259Ա որոշմանը վերաբերող մասը՝ քննության չառնելով 258Ա որոշմանը վերաբերող մասը, որը բովանդակությամբ նախորդում էր 259Ա որոշմանը։ Դրմեյանը միջնորդել է կասեցնել ՍԴ-ում գործի քննությունը մինչև վարչական դատարանի որոշման ընդունումը։
ՍԴ անդամները հիշեցրել են, որ եթե դատարանը 259Ա որոշումը ճանաչի անվավեր, դա մեխանիկորեն կչեղարկի նաև 258Ա որոշումը։ Դրմեյանն արձանագրել է, որ բոլոր իրավական գնահատականները հենց 258Ա որոշման մեջ են պարունակվում։
ՍԴ նախագահը նկատել է, որ գործընթացի ընթացքում կքննարկվի նաև 258Ա որոշումը։
Միջնորդության քննարկումը հետաձգվել է այնքան ժամանակ, մինչև բոլոր կողմերը ծանոթանան դրան։


