շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մեկնարկել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագիրը

Մեկնարկել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագիրը

Այսօր ՀՀ Կառավարության, դիվանագիտական համայնքի, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ–ների ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագիրը, որը ֆինանսավորում է Եվրոպական միությունը (ԵՄ), իրականացնում՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և ԵԱՀԿ-ն։

Ծրագիրը 24 ամսվա ընթացքում աջակցելու է Հայաստանի Կառավարության արդյունավետ և հաշվետու հաստատություններ կառուցելու բարեփոխումների օրակարգին՝ հիմնված լավ կառավարման և իրավունքի գերակայության սկզբունքների վրա: Ծրագրի հիմնական ոլորտներն են` իրավունքահենք հանրային ծառայությունների մատուցման ամրապնդում, անվտանգության ոլորտի կառավարման բարեփոխումներին աջակցություն, սահմանադրական բարեփոխումների գործընթացի խթանում: Ծրագրի նպատակներն իրականացվելու են երեք բաղադրիչների միջոցով, որոնք հիմնված են մարդու իրավունքների պաշտպանության, ոստիկանության բարեփոխումների և սահմանադրական բարեփոխումների ոլորտում ազգային առաջնահերթությունների վրա։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը, և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը և Հայաստանում Լեհաստանի դեսպան, ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահության ներկայացուցիչ Պավել Չեպլակը ներկայացրեցին ծրագրի հիմնական նպատակները և բաղադրիչները։

Ծրագիրը կազմված է ազգային բարեփոխումների առաջնահերթությունների վրա հիմնված հետևյալ երեք բաղադրիչներից՝

մարդու իրավունքների բաղադրիչն իրականացվում է ՄԱԶԾ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից։ Այն միտված է՝ (ա) Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի կարողությունների հզորացմանը, (բ) մարդու իրավունքների մասին իրազեկվածությանն ու կրթության խթանմանը, (գ) «Մարդու իրավունքների գործողությունների ծրագրի» մոնիթորինգի և գնահատման մեխանիզմների բարելավմանը.

ոստիկանության բարեփոխումների բաղադրիչն իրականացվում է ՄԱԶԾ-ի և ԵԱՀԿ–ի կողմից, ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ ոստիկանության հետ սերտ համագործակցությամբ։ Այն աջակցում է ոստիկանության ընթացիկ բարեփոխումների իրականացմանը՝ առանձնահատուկ կարևորելով ոստիկանության կրթական համակարգի բարեփոխումը և նոր ներքին գործերի նախարարության ստեղծումը.

սահմանադրական բարեփոխումների բաղադրիչն իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից՝ նպաստելու սահմանադրական բարեփոխումների առաջխաղացմանը ազգային շահագրգիռ կողմերի իրավունքների և հնարավորությունների ընդլայնման, փորձագիտական խորհրդատվության և լավագույն փորձի տրամադրման միջոցով:

  • Կիսվել: