չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
Մարդու իրավունքների պաշտպանությունը չի կարող լիարժեք գործել անհանդուրժողականության, խտրականության պայմաններում. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանությունը չի կարող լիարժեք գործել անհանդուրժողականության, խտրականության պայմաններում. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 29-ին, որպես բանախոս, մասնակցել և ելույթով հանդես է եկել «Հպարտության ամիս 2026. տեսանելիություն, իրավունքներ և առաջընթաց» թեմայով միջոցառման շրջանակում անցկացված պանելային քննարկմանը։ Այն կազմակերպվել է «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։ Այս մասին  հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

 «Մարդու իրավունքներ, հավասարություն և սոցիալական ներառում. Հայաստանի առաջընթացն ու միջազգային համագործակցության դերը» թեմայով պանելային քննարկման ընթացքում Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգը չի կարող լիարժեք գործել անհանդուրժողականության, խտրականության և նախապաշարմունքների պայմաններում։ Պաշտպանը նշել է, որ ժողովրդավարական հասարակությունում յուրաքանչյուր անձ պետք է ունենա հավասար իրավունքների իրացման և արժանապատվության նկատմամբ հարգանքի երաշխիքներ՝ անկախ որևէ հանգամանքից։ 

Անահիտ Մանասյանը կարևորել է հակախտրականության ոլորտի առնչությամբ առկա կարծրատիպային մոտեցումների հաղթահարումն ու խտրական և ատելության խոսույթի բացառումը հասարակական միջավայրից՝ նշելով, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը 2023 թվականից սկսած թե´ հաստատության գործունեության, թե´ տարեկան հաղորդումների շրջանակում լրիվ նոր և համապարփակ մոտեցում է որդեգրել նշված ոլորտում իրավունքների պաշտպանության և խթանման համակարգի առնչությամբ:

Ոլորտում առկա համակարգային խնդիրների համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ հասարակությունում ձևավորված կարծրատիպերը նպաստում են խտրականության, ատելության խոսքի և անհանդուրժողականության դրսևորումների տարածմանը, այդ թվում՝ երբեմն նաև պետական մարմինների գործունեության շրջանակում։ Այդ կարծրատիպերի հաղթահարման համար, Պաշտպանն անհրաժեշտ է համարել մարդու իրավունքների կրթության բովանդակային բարեփոխումները, ինչպես նաև դատավորների, դատախազների, քննիչների, առողջապահության, կրթության և այլ ոլորտների մասնագետների շարունակական վերապատրաստումները՝ ոլորտի առանձնահատկությունների և զգայուն մոտեցումների վերաբերյալ։

Անդրադառնալով ատելության և խտրականության դրսևորումներով պայմանավորված գործերին՝ Պաշտպանն ընդգծել է, որ նման դեպքերի արդյունավետ քննության հասնելու առումով դեռ շատ անելիքներ կան, և դրա համար անհրաժեշտ է բարձրացնել իրավասու մարմինների մասնագիտական կարողությունները, որպեսզի քննության ընթացքում պատշաճ գնահատվեն նաև հնարավոր խտրական շարժառիթները, այդ թվում՝ անձի սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով պայմանավորված։

Պաշտպանը վերահաստատել է նաև իրավահավասարության և հակախտրականության ոլորտում համապարփակ օրենսդրության, այդ թվում՝ իրավահավասարության մասին օրենքի ընդունման և համապատասխան ինստիտուցիոնալ մեխանիզմների ձևավորման անհրաժեշտությունը՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգի ամրապնդման կարևոր նախապայման։

Անահիտ Մանասյանը կարևորել է նաև քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների հետ շարունակական համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության համակարգի զգայուն խնդիրների արդյունավետ հասցեագրման տեսանկյունից, ինչպես նաև հանրային հետևողական հակազդեցությունը խտրականության, ատելության խոսքի և անհանդուրժողականության բոլոր դրսևորումների նկատմամբ։

Միջոցառումը մեկ հարթակում համախմբել է պետական մարմինների, դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և ԼԳԲՏՔ+ համայնքի ներկայացուցիչներին՝ մարդու իրավունքների, հավասարության և ներառական հասարակության կառուցման հարցերի շուրջ համագործակցությունն ու երկխոսությունը խթանելու նպատակով։

Պանելային քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը և  ՀՀ-ում Կանադայի դեսպանության քաղաքական հարցերով խորհրդական Ահարոն Քոեն։

  • Կիսվել: