շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Զերծ մնալ քվեարկության արդյունքի, քվեախցիկում արված՝ նույնականացվող քվեաթերթիկների լուսանկարները, տեսագրությունները հանրայնացնելուց. Աբրահամյան

Զերծ մնալ քվեարկության արդյունքի, քվեախցիկում արված՝ նույնականացվող քվեաթերթիկների լուսանկարները, տեսագրությունները հանրայնացնելուց. Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն անդրադարձել է սոցիալական ցանցերում քվեարկության ընթացքում թվեաթերթիկների (որպես մարված կամ քվեարկված) լուսանկարներ, ինչպես նաև քվեաթերթիկներ պատռելու տեսագրություններ հրապարակելու փաստերին:

«Սոցիալական ցանցերում հրապարակվում են քվեարկության ընթացքում թվեաթերթիկների (որպես մարված կամ քվեարկված) լուսանկարներ, ինչպես նաև քվեաթերթիկներ պատռելու տեսագրություններ:

ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի համաձայն՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը հանցագործություն է, որ պատժվում է ընդհուպ մինչև 5 տարի ժամկետով ազատազրկմամբ:

Անհրաժեշտ եմ համարում նշել, որ արդեն իսկ հրապարակված և դատախազությանը հասու դարձած նման բոլոր լուսանկարների, տեսագրությունների առթիվ դատախազության կողմից նախաձեռնվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութերի նախապատրաստման գործընթաց՝ դրանցում հենց ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի հանցակազմի հատկանիշների ստուգման նպատակով:

Եվ դատախազության տեսադաշում հայտնված ցանկացած նոր այդպիսի հրապարակման առթիվ ևս նման գործընթաց է նախաձեռնվելու:

Ուստի կոչ ենք անում ընտրողներին՝ զերծ մնալ իրենց կատարած քվեարկության արդյունքի, քվեախցիկում արված՝ նույնականացվող քվեաթերթիկների՝ անկախ դրանց մարված լինել-չլինելու հանգամանքից, լուսանկարները, տեսագրությունները հանրայնացնելուց և հրապարակելուց»,- գրել է Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում:

 

  • Կիսվել: