շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Խնջույքի ժամանակ  որևէ վիրավորական արտահայտություն Քննչական կոմիտեի ծառայողի հասցեին չի հնչել. հերքում

Խնջույքի ժամանակ  որևէ վիրավորական արտահայտություն Քննչական կոմիտեի ծառայողի հասցեին չի հնչել. հերքում

«Փաստ» օրաթերթի այսօրվա համարում «Սկանդալ քննչական կոմիտեի 5-ամյակի խնջույքի ժամանակ» վերտառությամբ հոդվածի առնչությամբ հայտնում ենք, որ հոկտեմբերի 8-ին՝ Քննչական կոմիտեի 5-ամյակին նվիրված խնջույքը տեղի է ունեցել «Ֆլորենս» ռեստորանային համալիրում, որին մասնակցել են նաև Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահները:

Հայտնում ենք, որ խնջույքի ժամանակ  որևէ վիրավորական արտահայտություն Քննչական կոմիտեի որևէ ծառայողի, ոչ էլ գործընկեր կառույցների ներկայացուցիչների հասցեին չի հնչել:

Նշենք, որ  խնջույքին ՀՀ վարչապետի արարողակարգից որևէ անձ չի  մասնակցել, հետևաբար նյութում տեղ գտած տեղեկատվությունը, թե ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը կոնֆլիկտ է ունեցել նրանց հետ, հորինվածք է:

Ինչ վերաբերվում է Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահների՝ խնջույքից հեռանալու մասին լուրին, ապա նշենք, որ երկու գերատեսչության ղեկավարները միջոցառմանը մասնակցել են մինչև դրա ավարտը, այնուհետ գիշերել են «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցային համալիրում, ինչը հնարավոր է ճշտել նաև հիշյալ հյուրանոցից:

«Փաստ» օրաթերթի մեր գործընկերներին կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ հնչեցնելուց:

Հիշեցնենք՝ «Փաստը» գրել էր, որ իր տեղեկություններով, հոկտեմբերի 8-ին տհաճ միջադեպ է գրանցվել Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված խնջույքի ժամանակ՝ նշելով, որ խնջույքի թեժ պահին ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը սկսել է վիրավորանքներ հնչեցնել աշխատակիցների հասցեին, նրանց սպառնացել՝ հեռացնել աշխատանքից: 

  • Կիսվել: