երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կգործենք ըստ օրենքի. ՀՔԾ պետը՝ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին

Կգործենք ըստ օրենքի. ՀՔԾ պետը՝ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին

«Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Գևորգ Կոստանյանը պետք է 48 ժամվա ընթացքում ներկայանա վարույթ իրականացնող մարմին։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։

Դիտարկմանը՝ եթե վերջինս չներկայանա, ապա հետախուզում կհայտարարե՞ն, ՀՔԾ պետը նշեց, որ կգործեն ըստ օրենքի:

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել մեղադրյալ ներգրավել նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և նրան ՀՔԾ ներկայանալու համար 48 ժամ ժամանակ է տրամադրել։

Սասուն Խաչատրյանը նշեց նաև, որ որպես մեղադրյալ՝ անձը ներգրավվում է այն ժամանակ, երբ վարույթ իրականացնող մարմինը բավարար է համարում հավաքված ապացույցների համակցությունն անձին որպես մեղադրյալ ներգրավելու համար: «Այդ համակցությունը որ պահին որ քննիչը բավարար է համարում, այդ պահին որոշում է կայացնում որպես մեղադրյալ ներգրավելու մասին»,- ասաց նա։

Սասուն Խաչատրյանը նաև հայտարարեց, որ Գևորգ Կոստանյանին դեռևս մեղադրանք չի առաջադրվել։

Դիտարկմանը, թե Կոստանյանը հայտարարել է, որ այս գործում արհեստականություն կա, Սասուն Խաչատրյանն ասաց. «Ի՞նչ արհեստականություն, ես չեմ կարող մեկնաբանել պարոն Կոստանյանի ասածները։ Դուք ինձ հարցնում եք՝ 48 ժամվա մեջ իրատեսակա՞ն է Մոսկվայից հասնել Երևան, ես հարցը ձեզ եմ տալիս՝ իրատեսակա՞ն է»։

  • Կիսվել: