կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ինտենստիվ զբաղվում ենք Ադրբեջանի կողմից ԼՂ բարձրաստիճան պաշտոնյաների և մնացած անձանց գերեվարման հարցով․ ՔԿ նախագահ

Ինտենստիվ զբաղվում ենք Ադրբեջանի կողմից ԼՂ բարձրաստիճան պաշտոնյաների և մնացած անձանց գերեվարման հարցով․ ՔԿ նախագահ

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը մանրամասներ ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացնելու վերաբերյալ քրեական վարույթի ընթացքից։

Lրագրողների հետ ճեպազրույցում Քյարամյանը նշեց, որ քրեական վարույթը  վերաբերվում է բացառապես էթնիկ զտմանը, որովհետև Քննչական կոմիտեն Լեռնային Ղարաբաղի տարածքում քննություն իրականացնելու իրավասություն չունի։

«Բայց կան միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներ՝ ագրեսիվ պատերազմ, պատերազմական հանցագործություններ, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, այդ թվում նաև էթնիկ զտում, որը ցեղասպանության հանցակազմի տարր է և որը ազգի հետ տեղի ունեցավ։ Դրա վերաբերյալ կա հարուցված քրեական վարույթ։ Ընդ որում, այս վարույթը վերաբերվում է ինչպես մինչև ռազմական գործողություններից առաջ տեղի ունեցած իրողություններին, օրինակ՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը, այնպես  էլ դրանից հետո տեղի ունեցած իրադարձություններին։ Բոլորս ականատես եղանք, որ կարճ ժամանակահատվածում 100 հազար բնակիչներ ստիպված լքեցին իրենց բնօրրանը՝ մահվան սպառնալիքի տակ»,- ասաց Քյարամյանը։

ՔԿ նախագահի խոսքով՝ ԼՂ-ում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 16 հաստատված գերիների թվում կան նաև ոչ բարձրաստիճան պաշտոնյաներ։

«Մենք շատ ինտենսիվ զբաղվում ենք և բարձրաստիճան պաշտոնյաների, և մնացած անձանց գերեվարման, խոշտանգման և մարդկության դեմ ուղղված ցանկացած հանցագործություններին վերաբերվող հարցերով»,- ընդգծեց Քյարամյանը։

  • Կիսվել: