կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Քաղաքացիական հրազեն ձեռք բերելու գործընթացում փոփոխություններ են նախատեսվում. նախագիծ

Քաղաքացիական հրազեն ձեռք բերելու գործընթացում փոփոխություններ են նախատեսվում. նախագիծ

««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների և առկա իրավական անհամապատասխանությունները վերացնելու անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ հուլիսի 13-ի ԱԺ արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով օրենսդրական փաթեթը:

Ըստ նրա՝ անհրաժեշտություն է առաջացել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի դրույթները տարածել նաև փամփուշտների, ինչպես նաև հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի շրջանառության վրա, քանի որ գործող կարգավորումներով փամփուշտներին և հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերին վերաբերող դրույթներ որոշ հոդվածներից բացակայում են, ինչը խոչընդոտներ է առաջացնում իրավակիրառ պրակտիկայում:

Փոխնախարարի հավաստմամբ՝ առաջին անգամ քաղաքացիական հրազեն ձեռք բերող քաղաքացիների համար նախատեսված է պարտականություն՝ Կառավարության երաշխավորած ռազմամարզական հասարակական կազմակերպություններից մեկում հանձնել զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննություններ, մինչդեռ նման կազմակերպություններ դեռևս չկան: Ուստի նշված քննությունների անցկացումը կազմակերպելու համար նախատեսվում է դրանք իրականացնել ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով:

Նշվել է, որ օրենքից հանվում են ռազմամարզական կազմակերպություններին վերաբերող դրույթները, քանի որ վերջիններիս կարգավորումները նախատեսվում է սահմանել ոլորտը կարգավորող առանձին օրենսդրությամբ:

Արփինե Սարգսյանը փաստել է, որ ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով անհրաժեշտություն է առաջացել սահմանել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքով նախատեսված լիցենզիաներ և թույլտվություններ տալու ու դրանց գործողության ժամկետները երկարաձգելու համար պետական տուրքի նոր դրույքաչափեր, որոնք դուրս են մնացել օրենքից, և որոնք բխելու են նույն այդ օրենքից:

ՆԳ նախարարի տեղակալը կարևորել է նաև այն դրույթը, որով ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի սպայական կազմի զինծառայողներին սպայական դաշույնով պարգևատրելու իրավունք է վերապահվում ՀՀ պաշտպանության նախարարին՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքով սահմանված կարգով:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը բարձրաձայնել է, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է իրականացնել մշտադիտարկում՝ գործնականում ինչ արդյունավետ արդյունքներ են արձանագրվել:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է օրենսդրական փաթեթը:

  • Կիսվել: