հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՀՀ-ի և Իտալիայի միջև քրգործերով փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագրի վավերացման հարցն արժանացավ հավանության

ՀՀ-ի և Իտալիայի միջև քրգործերով փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագրի վավերացման հարցն արժանացավ հավանության

Նոյեմբերի 10-ի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի ներկայացմամբ քննարկվել է ««Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության միջեւ «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» 1959 թվականի ապրիլի 20-ի եվրոպական կոնվենցիայի կիրառումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Համաձայնագիրը նպատակ ունի բարելավել քրեական գործերով փոխադարձ օգնության, ներառյալ՝ իրավական օգնության որոշակի ձեւերի մասով երկու երկրների միջեւ համագործակցությունը: Այն նաեւ լրացնում է «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» 1959 թվականի ապրիլի 20-ի եվրոպական կոնվենցիայի դրույթները եւ դյուրացնում դրա կիրառումը:

Ըստ համաձայնագրի՝ կողմերը պարտավորվում են միմյանց ցույց տալ իրավական օգնություն, որն իր մեջ ներառում է քրեական վարույթին առնչվող նյութերի եւ փաստաթղթերի տրամադրումը, անձանց, վայրերի եւ առարկաների մասով քննչական գործողություններ իրականացնելը, խուզարկություններ, ակտիվների սառեցում եւ առգրավում իրականացնելը, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների եւ քրեական հանցագործությանը վերաբերող ցանկացած այլ իրերի բռնագրավումը, քրեական վարույթի արդյունքների մասին հաղորդելը եւ այլ գործողություններ:

Հարակից զեկուցող ԱԺ պատգամավոր Արամ Վարդեւանյանը մատնանշել է Սահմանադրական դատարանի դատավոր Երվանդ Խունդկարյանի՝ փաստաթղթի վերաբերյալ ներկայացրած հատուկ կարծիքը՝ համապատասխան փաստաթուղթը ոչ պատշաճ ներկայացնելու վերաբերյալ: Նա տեղեկացրել է, որ ձեռնպահ է քվեարկելու:

Հանձնաժողովի անդամները նշել են, որ խնդիրը տեխնիկական բնույթի է, հարցի առնչությամբ առկա է ՍԴ որոշումը:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը նշել է, որ ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանի հատուկ կարծիքը չի վերաբերում քննարկվող պարտավորությունների Սահմանադրության համապատասխանության հարցերին: Խոսքն ընթացակարգային հարցի մասին է, որ հաղթահարված է:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Հեղինակի առաջարկով մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Վարդեւանյանի հեղինակած «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

 

  • Կիսվել: