երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Հետախուզման մեջ գտնվող Սուրիկ Խաչատրյանը կարող է բուժումը շարունակել հայրենիքում. ՀՔԾ պետ

Հետախուզման մեջ գտնվող Սուրիկ Խաչատրյանը կարող է բուժումը շարունակել հայրենիքում. ՀՔԾ պետ

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կարող է բուժումը շարունակել նաև Հայաստանում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

ՀՔԾ պետի խոսքով՝ Սուրիկ Խաչատրյանի գործով դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, ուսումնասիրել են նրա պաշտպանի ներկայացրած բժշկական փաստաթղթերը, փորձագետը եկել է հետևության, որ այդ հիվանդության առկայության դեպքում Սուրիկ Խաչատրյանը կարող է բուժումը շարունակել Հայաստանում։

Հիշեցնենք, որ  ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, ինչպես նաև, պաշտոնեական դիրքն օգտագործելով  և անձանց ապօրինի կարգադրություն տալով, դրդել է կատարել առանձնապես խոշոր չափերի վատնում ու պաշտոնեական կեղծիք, ինչի հետևանքով էական վնաս է պատճառել  պետության օրինական շահերին:

  • Կիսվել: