շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանը պետք է մինչև տարեվերջ ԵԽԽՎ-ին ներկայացնի ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի թեկնածուների ցուցակ

Հայաստանը պետք է մինչև տարեվերջ ԵԽԽՎ-ին ներկայացնի ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի թեկնածուների ցուցակ

 Հայաստանի ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով վարչապետն իրավասություն է ստանում ձևավորել միջազգային դատարաններում դատավորի պաշտոնում Հայաստանի  կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողով և հաստատել դրա աշխատակարգը:

 «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարեցկ 60 պատգամավոր, դեմ՝ 21-ը:

«Նախագծով նախատեսվում է վարչապետի լիազորությունների շարքում կատարել որոշակի լրացում, որի հիման վրա հնարավոր կլինի նաև ընդունել համապատասխան որոշում, որի հիման վրա արդեն կձևավորվի մրցութային հանձնաժողովը: Դրա նպատակն է լինելու նաև ընտրել Եվրոպական դատարանում ՀՀ դատավոր»,-ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Եվրոպական դատարանում դատավորի պաշտոնավարման ժամկետը 9 տարի է՝ համաձայն կոնվեցիայի: Եվ արդեն հաջորդ տարվա սեպտեմբերին մոտենում է դատավորի պաշտոնավարման ժամկետի ավարտը: Եվ մինչև այս տարվա դեկտեմբեր ՀՀ-ն պետք է ԵԽԽՎ-ին ներկայացնի 3 թեկնածուներից բաղկացած ցուցակ, հետո արդեն պետք է անցնեն ընտրության հերթական փուլերը:

«Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը հարցրեց՝ հանրային առավել վստահելիության, թափանցելիության չափանիշներին համապատասխան ի՞նչն է խանգարում, որ այդ իրավասությունը վերապահվի կառավարությանը, այլ ոչ թե վարչապետին:

Եղիշե Կիրակոսյանը պատասխանեց, որ այդ լիազորության նախատեսումը ուղղակի բխում է վարչապետի՝ արտաքին քաղաքականության ընդհանուր համակարգման լիազորությունից, և սահմանադրական առումով վարչապետի նման լիազորություն տալու հիմքերը հստակ են: Իսկ կառավարությանը նման լիազորություն վերապահելը, ըստ նրա, ավելորդ բարդացնում է գործընթացը:

 

Եվրոպական դատարանում ՀՀ առաջին դատավորը պաշտոնավարել է 2003-2014թթ, իսկ 2015 թվականից ի վեր պաշտոնավարող դատավորի պաշտոնավարման ժամկետն արդեն մոտենում է ավարտին:

  • Կիսվել: