Հայաստանում ՄԱԶԾ ներկայացուցիչը բարձր է գնահատել ՀՀ ՆԳՆ-ում իրականացվող բարեփոխումները
Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին բարձր է գնահատել ՀՀ ներքին գործերի նախարարությունում իրականացվող բարեփոխումները՝ դրանք բնութագրելով որպես համակարգային վերափոխումներ։
ՆԳՆ «Համակարգի ուժը՝ վստահության մեջ» համաժողովում ունեցած ելույթում նա նշեց, որ իրականացվող փոփոխությունները վերաբերում են ոչ միայն առանձին ոլորտների, այլև հանրային անվտանգության համակարգի ամբողջական վերաձևակերպմանը։
«Այն, ինչ մենք տեսնում ենք այսօր, առանձին բարեփոխումներ չեն, այլ ավելի լայն վերափոխումներ այն հարցում, թե ինչպես է ընկալվում հանրային անվտանգությունը»,- ասաց Նացվլիշվիլին։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին իրականացվել են մի շարք կարևոր փոփոխություններ, այդ թվում՝ պարեկային ոստիկանության ներդրում, ոստիկանության գվարդիայի ստեղծում, համայնքակենտրոն ծառայությունների զարգացում, ինչպես նաև միգրացիայի ոլորտում թվային լուծումների կիրառում և փրկարար ծառայության արձագանքման համակարգերի ուժեղացում։
ՄԱԶԾ ներկայացուցիչը նաև ընդգծեց, որ բարեփոխումների հիմքում մարդն է։
«Յուրաքանչյուր ինստիտուտի, յուրաքանչյուր բարեփոխման հետևում մարդիկ են, և համակարգը ուժեղ է այնքան, որքան ուժեղ են այդ մարդիկ»,- նշեց նա։
Նացվլիշվիլին կարևորեց նաև վստահության գործոնը՝ ընդգծելով, որ այն հանդիսանում է իրականացվող բոլոր փոփոխությունների առանցքը։
«Յուրաքանչյուր փոխազդեցություն քաղաքացու և ծառայողի միջև կա՛մ ամրապնդում է վստահությունը, կա՛մ թուլացնում այն»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ համաժողովի ձևաչափը, որը համախմբում է պետական մարմիններին, խորհրդարանին, քաղաքացիական հասարակությանը և միջազգային գործընկերներին, կարևոր հարթակ է համատեղ քննարկումների և բարեփոխումների իրականացման համար։
Նացվլիշվիլին նաև ընդգծեց, որ ՄԱԶԾ-ն շարունակելու է աջակցել ՀՀ ներքին գործերի նախարարությանը՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի շրջանակում։


