շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Հաջողվել է ՀՀ-ում ձևավորել խոշորագույն դատափորձագիտական պետական կազմակերպություն. Արգամ Հովսեփյան

Հաջողվել է ՀՀ-ում ձևավորել խոշորագույն դատափորձագիտական պետական կազմակերպություն. Արգամ Հովսեփյան

«Դատափորձագիտական գործունեության դերն ու նշանակությունը իրավական համակարգում, արդի խնդիրները, զարգացման միտումներն ու հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովի անցկացումը նպատակ ունի համախմբել դատափորձագիտության ոլորտում Հայաստանի Հանրապետության և արտերկրի գործընկերների գիտական ներուժը, վերհանել և վերլուծել ոլորտում առկա խնդիրները, ներկայացնել ժամանակակից ձեռքբերումներն ու նվաճումները, նախանշել խնդիրների լուծման և ոլորտի կայուն զարգացման ապահովման արդյունավետ ուղիները՝ բարձրացնելով Հայաստանի Հանրապետության դերը միջազգային դատափորձագիտական միջավայրում` ապահովելով Հայաստանի Հանրապետությունում տվյալ ոլորտի շարունակական զարգացումը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող՝ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի բացմանը հայտարարեց Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանը:

Կազմակերպության ղեկավարն իր ողջույնի խոսքում մասնավորապես նշեց.

«Ինչպես հայտնի է «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծվել է 2004 թվականին՝ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև 2001թ-ին կնքված թմրամիջոցների հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագրի շրջանակներում:

Զարգացման անցած 20 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ կառավարությունների կողմից հատկացված միջոցների, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի անձնակազմի, կազմակերպության կառավարման մարմինների և բոլոր շահագրգիռ կողմերի, ինչպես նաև ողջ անձնակազմի ներդրած ջանքերի համատեղման շնորհիվ հաջողվեց Հայաստանի Հանրապետությունում ձևավորել միջազգային ճանաչում և համագործակցության լայն շրջանակներ ունեցող խոշորագույն դատափորձագիտական պետական կազմակերպություն՝ համալրված պրոֆեսիոնալ թիմով և ժամանակակից հետազոտական հնարավորություններով: Փորձաքննությունների ազգային բյուրոն, լինելով նաև Եվրոպական դատափորձագիտական ինստիտուտների ցանցի լիիրավ անդամ, բարձր պատասխանատվությամբ և նվիրումով ներկայումս ծառայում է իր հիմնադրման նպատակներին:

Կարևոր է ընդգծել, որ ժամանակակից աշխարհի զարգացումներին համահունչ պետական ինստիտուտների, այդ թվում՝ դատափորձագիտական կառույցների ներդաշնակ զարգացումը մշտապես յուրօրինակ ուղենիշ պետք է հանդիսանա իրավական պետության կերտման ճանապարհին:

Այս համատեքստում կարևոր է առանձնակի ընդգծել Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնառությունը՝ հատկապես 2021 թվականից ի վեր ֆինանսավորման ծավալների ավելացմամբ գործող մեխանիզմների կատարելագործման և ոլորտի շարունակական զարգացման ապահովման գործում: 

Օգտվելով առիթից առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ կառավարություններին, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության և Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի՝ նախորդ 20 տարիների բոլոր գործընկերներին՝ Փորձաքննությունների ազգային բյուրոյի հիմնադրման և զարգացման հարցում ունեցած նշանակալի ավանդի համար: Մենք բարձր ենք գնահատում ամերիկյան գործընկերների հետ մեր ունեցած ձեռքբերումները, պատրաստակամ ենք շարունակելու ակտիվ և արդյունավետ փոխգործակցությունը:

Անհրաժեշտ եմ համարում կարևորել նաև շահառուների առավել լայն շրջանակի, հատկապես դատաքննչական մարմինների, դատական իշխանության դերը դատափորձագիտական ոլորտի շարունակական զարգացման արդյունավետ և նպատակային իրականացման գործում, քանզի նրանց է վերապահված տրված արդյունքների գնահատման, այդ թվում՝ տեղ գտած թերությունների վերհանման և վերլուծության իրավասությունը, առանց որի  հնարավոր չէ իրավունքի զարգացման ժամանակակից պահանջներին համահունչ ապահովել դատափորձագիտական ոլորտի զարգացման սահուն ընթացքը: Նշված գործընթացում իր ուրույն ներկայությունն ունի նաև փաստաբանական համայնքը:

Նշված բոլոր ինստիտուցիոնալ կառույցների, ինչպես նաև հանրության վստահության բարձր մակարդակի ձևավորումն ու ամրապնդումը պետք է հանդիսանա դատափորձագիտական ոլորտում գործունեություն ծավալող յուրաքանչյուրիս աշխատանքի անսասան ուղենիշը և պրոֆեսիոնալ մակարդակներում ձևավորված գործընկերային սերտ փոխհարաբերությունների զարգացման գրավականը»,-ասաց նա:

 Արգամ Հովսեփյանը կարևորեց կազմակերպության գործընկերային փոխհարաբերությունների զարգացման նշանակությունը ԱՊՀ երկրների, Վրաստանի, Ճապոնիայի, Հնդկաստանի, Չինաստանի, Իրանի և այլ բարեկամ երկրների գործընկեր կառույցների հետ և հատկապես այն անձանց, ովքեր զգալի ջանքեր են ներդնում մասնագիտական ոլորտում երկկողմ և բազմակողմ փոխհարաբերությունների զարգացման գործում:

«Միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնման և մեր երկրում միջազգային չափանիշներին համապատասխան դատափորձագիտական կարողությունների ձևավորման անհրաժեշտությունն առանձնակի ընդգծվեց հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմի արհավիրքներին դիմակայության, սանձազերծված ագրեսիվ պատերազմի և ռազմական հանցագործությունների աղաղակող փաստերի առթիվ նախաձեռնված իրավական գործընթացների ընթացքում:

Նման իրավիճակներում կարևոր են բոլոր ինստիտուցիոնալ մարմինների համարժեք և արագ գործելու կարողությունների առկայությունը, քանի որ ռազմական ոտնձգությունների պայմաններում պետությունը մի կողմից պետք է լուծի ռազմական գործողությունների դիմակայության և իր տարածքային ամբողջականության պաշտպանության հարցը, մյուս կողմից ապահովի միջազգային իրավունքի նորմերի պահպանման, ռազմական գործողությունների վայրերում հայտնված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև որպես միջազգային իրավունքի սուբյեկտ ապահովի իր բոլոր պարտավորությունների պատշաճ կատարումը:

Ցավոք, հայ ժողովուրդը Արցախի տարածքի և Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած 2016 թվականի քառօրյա ագրեսիվ պատերազմի, 2020 թվականի 44-օրյա լայնածավալ ագրեսիվ պատերազմի, ինչպես նաև 2021 թվականի մայիսին և 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների նկատմամբ սանձազերծված ռազմական ոտնձգությունների ընթացքում ստիպված էր դիմակայել բոլոր արհավիրքներին, որի համատեքստում առանձնահատուկ էր նաև դատափորձագիտական բնագավառի դերն ու նշանակությունը: Ըստ այդմ անհրաժեշտ է մշտապես գիտակցել կարողությունների շարունակական զարգացման, ինչպես նաև դատափորձագիտական ոլորտի միջազգային ինտեգրացիոն գործընթացների խորացման կարևորությունը, քանի որ առկա մարտահրավերների պայմաններում ոլորտի առջև դրվող խնդիրներն էֆեկտիվ կարող են լուծվել համատեղ աշխատանքների ճիշտ կոորդինացման և առավելագույնս կոնսոլիդացման արդյունքում»:

Եզրափակելով ելույթը, Բյուրոյի տնօրենը  շնորհավորեց Փորձաքննությունների ազգային բյուրոյի ողջ անձնակազմին՝ շնորհակալություն հայտնելով ցուցաբերած նախաձեռնողականության, բարձր պրոֆեսիոնալիզմի և ժամանակակից պահանջներին համահունչ իրականացվող ներդաշնակ թիմային աշխատանքի ծավալման, իսկ ապագայում նաև հարուստ պատմություն դառնալուն միտված մեր գործունեության ներկայիս էջը ևս պատվով, բարձր պատասխանատվությամբ և նվիրումով լրացնելու համար:

  • Կիսվել: