երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Եթե մեր ամենահարազատ մարդն էլ թայֆայաբանություն անի, կանխելու եւ արմատախիլ ենք անելու. նախարար

Եթե մեր ամենահարազատ մարդն էլ թայֆայաբանություն անի, կանխելու եւ արմատախիլ ենք անելու. նախարար

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է, որ եթե հաստատվի ԿԳՄՍ փոխնախարար Գեւորգ Լոռեցյանին մեղսագրված արարքը, ապա դա իր համար շատ ցավալի եւ տխուր երեւույթ կլինի, քանի որ խոսքն իր տեղակալներից մեկի մասին է։

Հարությունյանն ասել է, որ սպասում էր ԱԱԾ-ի հաղորդագրությանը, որն իրավական տեսակետից կարեւոր է.

«ԱԱԾ հաղորդագրության մեջ ասվում է, որ այսօր ձերբակալվել է իմ տեղակալներից մեկը, խոսքը Գեւորգ Լոռեցյանի մասին է։ Արդեն բոլոր լրատվամիջոցներում նրա անունը կա, եւ ասվում է, որ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզազգեստ եւ մարզագույք ձեռք բերելու նպատակով հայտարարված մրցույթներում, աջակցություն ցուցաբերելով տնտեսվարողին, պայմանավորվածություն է ձեռք բերել՝ ստանալով առանձնապես խոշոր չափերի գումար։ Այդ գումարը փոխանցելու պահին տեղի է ունեցել ձերբակալություն։ Ես հիմա այս բուն գործին չեմ անդրադառնա, քանի որ կա անմեղության կանխավարկած։ Անմեղության կանխավարկածը պահպանելով՝ ես ցանկացա մեկնաբանություն անել, քանի որ որոշ լրատվամիջոցներ փորձեցին տարբեր մեկնաբանություններ անել այս կոռուպցիոն հաղորդագրության հետ կապված։

Սիրելիներս, հարգելիներս, մեր իշխանությունը, մեր քաղաքական ուժը շարունակում է եւ հավատարիմ է մնալու իր հանձնառությանը՝ կոռուպցիան արմատախիլ անել իր բոլոր  դրսեւորումներով՝ անկախ նրանից՝ դա ինչ ծավալի է, եւ ովքեր են ներգրավված։ Եվ եթե մեր ամենամտերիմ, ամենահարազատ մարդն է, մենք որեւէ կաշկանդավածություն չունենք դիմելու իրավապահներին եւ համապատասխան ընթացակարգեր ապահովելու։ Սա բոլորը պետք է հստակ արձանագրեն։ Օրենքը գերակա է մեզ համար ցանկացած ոլորտում»։

Նախարարը շեշտել է, որ մերժվելու է կոռուպցիոն ցանկացած դրսեւորում: Նա, մասնավորապես, ասել է.

«Եթե մեր ամենահարազատ մարդն էլ փորձի գնալ օրինազանցության, օրենք խախտի, կատարի հանցանք՝ անկախ դրա ծավալից, անի թայֆայաբանություն, առաջնորդվի իր ընտանեկան, մտերմական շահերով, մենք դա կանխելու ենք եւ արմատախիլ ենք անելու։ Ուզում եմ, որ բոլորը ֆիքսեն՝ կոռուպցիոն ցանկացած դրսեւորում մերժվելու է։ Եվ բոլոր այն մեկնաբանությունները, թե եթե այդպիսի դեպք եղել է, արդյոք նախարարը տեղյակ չի՞ եղել, կամ իր արտոնությա՞մբ չէ եղել, կյանքում այդպիսի բան չի կարող լինել, դա նախարարությունում, մեր քաղաքական ուժում, հասարակությունում շատ լավ գիտեն։

Վերջին մեկուկես տարվա ընթացքում տասնյակ քրեական գործեր են հարուցվել այս ոլորտում։ Վարչապետն էլ այսօր որոշ թվեր հրապարակեց, դրանք սարսափելի թվեր են, քանի որ վերաբերում են կրթության ոլորտին»։

Հիշեցնենք, որ կաշառք ստանալու կասկածանքով բերման է ենթարկվել Կրթության, գիտության, մշակույթի և սփյուռքի (ԿԳՄՍ) փոխնախարար Գևորգ Լոռեցյանը: Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտնում է՝ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Արայիկ Հարությունյանի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն է ցուցաբերել մի տնտեսվարողի, որը Հայաստանում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահն է և միաժամանակ նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:

Մրցույթներում հաղթելու դիմաց փոխնախարարն իր վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք։

Լոռեցյանը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնել էր անցած տարվա հոկտեմբերին:

 

  • Կիսվել: