Ես որևէ լիազորություն չունեմ այլ երկրում. օմբուդսմեն Մանասյանը՝ Բաքվում հայ բանտարկյալների մասին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մանդատը լիազորություն չի տալիս իրեն գործել երկրից դուրս: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու անձամբ չի կապվում իր ադրբեջանցի գործընկերոջ հետ՝ Ադրբեջանում պահվող հայերի հետ կապ հաստատելու համար:
Ըստ նրա՝ օմբուդսմենի մանդատը տարածվում է բացառապես Հայաստանի տարածքի վրա և ներառում է ՀՀ պետական մարմինների կողմից կատարված խախտումները՝ անկախ զոհի քաղաքացիությունից կամ ազգային պատկանելությունից: Նա որևէ լիազորություն չունի մոնիթորինգ անցկացնել այլ երկրում:
Անդրադառնալով Ադրբեջանում հայ գերիների և նրանց հարազատների միջև հանդիպումներ կազմակերպելու հնարավորությանը, Մանասյանն ասել է, որ եթե ունենա հրապարակման ենթակա տեղեկատվություն, ապա հանդես կգա հայտարարությամբ։ Նաև հավելեց, որ եթե արձանագրի, որ ԱԳՆ–ն անգործություն է ցուցաբերում, այդ դեպքում ևս հրապարակավ հանդես կգա։
Լրագրողները գոհ չէին այս պատասխանից, սակայն օմբուդսմենը մի քանի անգամ կրկնեց նույն ձևակերպումը՝ հավելելով, որ թեման շոշափում է ոլորտներ, որոնք զգայուն են անվտանգության և օմբուդսմենի գրասենյակի կարգավիճակի առումով:


