Միակ հարցը, որ Դավիթն ինձ տվեց. «Ես դպրոցս ավարտելու հնարավորություն ունենալո՞ւ եմ, թե՞ ոչ». Փաստաբան
Դավիթը մշտապես ունի բուժօգնության կարիք, ձերբակալման վայրում վատացել էր, առաջարկել էին հոսպիտալացնել, հոսպիտալացումից էր հրաժարվել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Վարդուհի Էլբակյանը՝ անդրադառնալով նրան, որ քիչ առաջ դատարանը 2 ամսով կալանավորման որոշում կայացրեց Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասնակից 18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի նկատմամբ։
Նա նշեց, որ նախօրեին Դավիթ Մինասյանը չէր հասկանում, թե իր հետ ինչ էր տեղի ունենում, իրեն ուր են տանում. «Միակ հարցը, որ Դավիթն ինձ տվել է. «Ես դպրոցս ավարտելու հնարավորություն ունենալու եմ թե՞ ոչ», որի պատասխանը ես չունեմ և այն ակնկալում եմ և՛դատարանից, և՛ քննչական մարմիններից, և՛ ընդհանրապես էս հասարակության որոշ ներկայացուցիչներից, որոնք էս երեխաների ճակատագրի խեղման գործում մեծ լումա ունեցան»,- հայտարարեց Վարդուհի Էլբակյանը, որի որդին Դավիթ Մինասյանի համադասարանցին է։
Փաստաբանը հավելեց. «Իհարկե, որոշումը կբողոքարկենք, բայց էս դատարանից ինչ ակնկալեցինք, որ մյուս դատարանից ինչ ակնկալենք, այսօրվա մեր դատական համակարգը բոլորիս է ծանոթ»։
Հարցին՝ ինչպե՞ս է կալանավայրում ապահովվելու Դավիթի առողջությունը, Էլբակյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, թե ոնց կարող են իր առողջությունն այնտեղ ապահովել, որովհետեւ Դավիթի առողջությունը նույնիսկ հիվանդանոցային պայմաններում է դժվար ապահովել։ Ինքն ամեն ինչից ալերգիա ունի, սնվում է հատուկ սննդակարգով, ստանում է հատուկ բժշկական օգնություն։ Աստված մի արասցե, չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ կարա լինի, մի վատ նախադեպ արդեն ունեցել ենք։ Աստված մի արասցե»,- ասաց Էլբակյանը։
Նշենք, որ քիչ առաջ Սուրբ Աննա եկեղեցու բակում միջադեպի մասնակից 18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվեց։ Այս լուրն իմանալուց հետո երկվորյակների մայրը՝ Գայանե Մինասյանի ինքնազգացողությունը վատացավ։ Նա անդադար լալիս էր։
Երեկ նրա եղբայր Միքայել Մինասյանը ազատ է արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելք խափանման միջոցը։
Նույն գործող անցնող հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը ևս ազատ է արձակվել 5 մլն գրավի դիմաց։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 29–ին, Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները նախ հրելով ճանապարհ են բացել, իսկ երբ երիտասարդը նշել է, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ՝ վեճ է եղել։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման ենթարկեցին երիտասարդներին։
Այս գործով 3 անձ ձերբակալվել է, նրանից երկուսը 18 տարեկան երկվորյակ եղբայրներ են՝ Դավիթ ու Միքայել Մինասյանները, երրորդը հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանն է։
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի խոսքով եղբայրներն ունեն բանտարկության հետ անհամատեղելի հիվանդություն։
ՔԿ–ի հաղորդմամբ. «մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում
Դ.Մ.-ի (Դավիթ Մինասյան) նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը),
Մ.Մ.-ի (Միքայել Մինասյան) նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և
Գ.Գ.-ի (Գևորգ Գևորգյան) նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)»։


