երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Դատավորի փոփոխության դեպքում հնարավորություն կստեղծվի շարունակել գործի քննությունը

Դատավորի փոփոխության դեպքում հնարավորություն կստեղծվի շարունակել գործի քննությունը

Դատավորի փոփոխության դեպքում հնարավորություն կստեղծվի շարունակել գործի քննությունը, կներդրվի սանկցիայի նոր տեսակ. Արմենուհի Հարությունյանն ԱԺ հանձնաժողովին ներկայացրել է փոփոխությունների փաթեթը: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից։

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանն Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձաժողովի նիստում ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Նախագծերի ընդունման արդյունքում լուծում կտրվի քաղաքացիական և վարչական դատավարություններում գործնականում առաջացող մի շարք խնդիրների՝ մի կողմից նվազեցնելով դատավարական գործընթացներում իրավունքի չարաշահման դեպքերը, մյուս կողմից՝ ապահովելով ողջամիտ ժամկետներում գործերի քննությունը:

Քաղաքացիական դատավարության օրենսգրքում նախատեսվում է դատական կազմի կամ կազմում ներառված դատավորի փոփոխության դեպքում գործերի քննությունը շարունակելու հնարավորություն: Գործող կարգավորումների համաձայն՝ դատական կազմի կամ կազմում ներառված դատավորի փոփոխության դեպքում գործերի քննությունը պարտադիր սկսվում է սկզբից՝ հանգեցնելով նախկինում կատարված բոլոր դատավարական գործողությունների կրկին կատարման: Նախագծի կարգավորման միջոցով վերոնշյալ իրավիճակում դատարանները հնարավորություն կունենան կա՛մ սկզբից սկսել գործի քննությունը, կա՛մ այն շարունակել ընդհատման պահից, ինչի արդյունքում կնվազեցվի գործերի քննության ողջամիտ ժամկետների խախտման դեպքերը:

Քաղաքացիական դատավարության օրենսգրքով առաջարկվում է նախատեսել կողմերին ինքնաբացարկի հիմքերը գրավոր ընթացակարգով պարզաբանելու կառուցակարգ: Ներկա կարգավորումների համաձայն՝ դատական նիստի ընթացքում դատարանը կարող է կողմերին բացահայտել ինքնաբացարկի հիմքերը և առաջարկել իր բացակայությամբ քննարկել ինքնաբացարկի անտեսման հարցը: Այնուամենայնիվ, դատավարական գործընթացը մտնում է փակուղի, երբ դատական նիստին կողմերը չեն ներկայանում: Նման իրավիճակները հաղթահարելու համար առաջարկվել է սահմանել, որ ինքնաբացարկի հիմքերը բացահայտելու անհրաժեշտության դեպքում դատարանը պարտավոր է դատական նիստի ծանուցագրում նշում կատարել այդ մասին, ինչը հնարավորություն կտա կողմերին տեղեկացվելու դատական նիստում քննարկվելիք հարցի մասին: Սակայն, եթե կողմերը, ծանուցված լինելով, չներկայանան դատական նիստին կամ չներկայացնեն դատական նիստը հետաձգելու մասին հիմնավորված միջնորդություն, ապա դատարանը հնարավորություն կունենա ինքնաբացարկի հիմքերը կողմերին բացահայտել գրավոր եղանակով:

Նախագծերով նախատեսվում է նաև սանկցիայի նոր տեսակ ներառել, այն է՝ իրավունքի իրականացման սահմանափակում: Դատավարական գործընթացներում իրավունքի չարաշահումը հատկապես արտահայտվում է նույնական միջնորդությունների պարբերաբար ներկայացմամբ՝ նպատակ հետապնդելով օրինակ ձգձգել գործերի քննությունը կամ խափանել դատական նիստերը: Առաջարկվող սանկցիան հնարավորություն կտա դատարաններին արդյունավետ արձագանքելու նման իրավիճակներին:

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծերի փաթեթին տվել է դրական եզրակացություն:

  • Կիսվել: