Դատախազությունը Ոստիկանություն է ուղարկել պատգամավոր Նազելի Բաղդասարյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ հրապարակումները
ԱԺ պատգամավոր Նազենի Բաղդասարյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցվելու մասին տեղեկություններ պարունակող ԶԼՄ հրապարակումները Գլխավոր դատախազությունից ուղարկվել են Ոստիկանություն՝ դրանցում ներկայացված հանգամանքների կապակցությամբ ստուգողական գործողություններ կատարելու հանձնարարությամբ: Այս մասին ասվում է գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ավելի վաղ մամուլում հրապարակումներ եղան առ այն, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանը սպառնալիքներ է հնչեցչել Բաղդասարյանի հասցեին։ Սակայն Ղուկասյանը այսօր լրագրողների հետ զրույցում կտրականապես հերքել է դա, ասելով, որ ընդհանրապես չի ճանաչում Բաղդասարյանին, նույնիսկ նրան չի էլ բարևում, միայն նրա մորն է ճանաչում, որը, ըստ պատգամավորի, իր հաշվին ռեյտինգ է հավաքել։
Թեմային այսօր լրագրողների հետ զրույցում անրադարձել է նաև Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, որը մասնավորապես նշել է, որ չի կարող ասել, թե ով է կանգնած Բաղդասարյանի հասցեին հնչած սպառնալիքների հետևում: «Ես տեղյակ եմ, որ սպառնալիքներ հնչել են, ինչի մասին տեղեկացրել ենք իրավապահներին։ Որևէ մեկը չի կարող երևակայել, պատկերացնել, որ կարող է այսպիսի սպառնալիքների լեզվով խոսել պատգամավորների հետ և փորձել այդ ճանապարհով կանխել այն կարգավորումները, որը մեր քաղաքական ուժը մտադիր է անել օրինաստեղծ հարթության վրա»,- ասաց նա:
ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ ինչ-որ մեկը զանգահարել է Բաղդասարյանին, հանդիպել են, ասել է, այդ ինչ-որ մեկը հորդորել է այսինչ բանը չանել, որովհետև կլինի այնինչ բանը. «Ես չգիտեմ որևէ անուն ազգաանուն, ով կանգնած է այդ սպառնալիքների հետևում»,- հավաստիացրեց նա: