Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Նազիկ Ամիրյանի հետ կնքած՝ Սևանա լճի հողամասերի վարձակալության պայմանագրերը
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը միջնորդագրեր է ուղարկել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) տնօրենին և Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին՝ ՊՈԱԿ-ի և Նազիկ Ամիրյանի միջև 2007 թվականի դեկտեմբերի 26-ին, ինչպես նաև ՊՈԱԿ-ի և Վարշամ Ղարիբյանի միջև 2005 թվականի օգոստոսի 2-ին և 2006 թվականի հունվարի 19-ին կնքված՝ Սևանա լճի ափամերձ հողամասերի վարձակալության պայմանագրերը լուծելու (դադարեցնելու) ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
Ուսումնասիրության արդյունքներով պարզվել է նաև, որ վարձակալության պայմանագրերով նախատեսված են եղել հողի կադաստրային արժեքի աճի դեպքում հողատարածքների վարձավճարները փոփոխելու դրույթներ՝ նոր կադաստրային արժեքների մասին վարձակալներին նախօրոք ծանուցելու պայմանով: Մինչդեռ, 2021 թվականի հունվարի 1-ին՝ հողամասերի կադաստրային արժեքների աճի հիմքով վարձավճարների փոփոխության պայմաններում, վարձավճարների փոփոխության վերաբերյալ ծանուցումները վարձակալներին ուղարկվել են 3 տարի ուշացումով:
Բացի այդ, ուսումնասիրությամբ պարզվել է, որ հողամասերի վարձակալության մրցույթների անցկացման մասին հայտարարությունները զանգվածային լրատվության որևէ միջոցով հրապարակված լինելու վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ:
Արձանագրված խախտումների կապակցությամբ հանցանքի մասին հաղորդումներ են ներկայացվել Քննչական կոմիտե:


