ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բացահայտվել են ոստիկանության ծառայողների ապօրինություններ

Բացահայտվել են ոստիկանության ծառայողների ապօրինություններ

Ոստիկանությունը շարունակում է ինքնամաքրման ու շարքերը օրինախախտ տարրերից ազատելու աշխատանքները։

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ՊՊԳ վարչության անձի անվտանգության եւ գույքի պահպանության բաժնի ջոկի հրամանատարը, առանց ղեկավարությանը զեկուցելու, 2018 թվականի մայիսին մեկնել է Մոսկվա։

Այնտեղ կատարել է ՌԴ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված հանցագործություն՝ կաշառք տալը, ինչի համար նույն թվականի հուլիսին Մոսկվայի Չերտանովսկիի շրջանի դատարանի վճռով դատապարտվել է 10 ամիս ազատազրկման։ Պատիժը կրելուց հետո ՊՊԳՎ ջոկի հրամանատար ոստիկանության ենթասպան վերադարձել է Հայաստան եւ շարունակել ծառայությունը։

Պարզվել է նաեւ, որ ծառայողի անմիջական ղեկավար վաշտի հրամանատարը եւ ոստիկանության ՊՊԳՎ անձի անվտանգության եւ գույքի պահպանության բաժնի պետը, ծառայության նկատմամբ դրսեւորելով անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունք, տեւական ժամանակ չեն ստուգել ջոկի հրամանատարի ծառայությունը եւ չեն պարզել ու ոստիկանության ՊՊԳՎ ղեկավարությանը չեն զեկուցել նրա ծառայության չներկայանալու մասին։

Արդյունքում` ոստիկանության ՊՊԳՎ ջոկի հրամանատարը շուրջ 10 ամիս բացակայել է ծառայությունից, ստացել 1․290․000 դրամ աշխատավարձ, ինչով պետությանը պատճառվել է խոշոր չափով վնաս։ Ավելին՝ ջոկի հրամանատարի աշխատանքի չներկայանալու հանգամանքը թաքցնելու նպատակով պաշտոնեական փաստաթղթերում մտցվել են ֆիզիկական պատրաստության ստուգարքին, ռազմամթերք ստանալու ու հրաձգության վարժություններին նրա մասնակցության վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ։

Մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կապակցությամբ ոստիկանության պետի հրամանով ՊՊԳՎ ջոկի հրամանատարը ազատվել է ոստիկանությունում ծառայությունից։

Դեպքերի վերաբերյալ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

  • Կիսվել: