շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արթուր Վանեցյանի դեմ ցուցմունքի գործով ոստիկանների կողմից բռնության ենթարկված քաղաքացու մոտ հայտնաբերվել են վնասվածքներ

Արթուր Վանեցյանի դեմ ցուցմունքի գործով ոստիկանների կողմից բռնության ենթարկված քաղաքացու մոտ հայտնաբերվել են վնասվածքներ

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ ցուցմունքի գործով ծաղկի շուկայի աշխատակից Կարեն Ղազարյանի մոտ հայտնաբերվել են վնասվածքներ, PrimeNews.am-ի թղթակցին տեղեկացրեց Ղազարյանի պաշտպանությունն իրականացնող ընկերության ղեկավար Արսեն Բաբայանը:

Նրա փոխանցմամբ, օրերս Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին հարակից ծաղկի շուկայից բռնությամբ ոստիկանություն տեղափոխված Կարեն Ղազարյանը դեպքից հետո բուժօգնության է դիմել «Նաիրի» բժշկական կենտրոն ու ենթարկվել հետազոտության: Նրա մոտ ախտորոշվել են  «պարանոցի աջ և ձախ կողմնային, աջ և ձախ ճաճանչ-դաստակային հոդերի, գոտկային և ձախ սրունք-թաթային հոդի շրջանների քերծված վերքեր»։

Արսեն Բաբայանը նաև տեղեկացրեց, որ ՀՔԾ–ն իր հերթին դատաբժշկի ուղեգիր է տվել Ղազարյանին. նրա նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել։

Հատուկ քննչական ծառայությունից PrimeNews.am-ին տեղեկացրին, որ Կարեն Ղազարյանի ներկայացրած հաղորդումը ընդունվել է վարույթ և նյութեր են նախապատրաստվում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ քաղաքացի Կարեն Ղազարյանը իրավապահներին հայտնել է, որ հոկտեմբերի 17-ի առավոտյան, ժամը 08:30-ի սահմաններում Երևան քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարակից տարածքից, մի խումբ անձինք բռնության կիրառմամբ իր «Porshe Cayenne» մակնիշի ավտոմեքենայով իրեն, ինչպես նաև այլ մեքենաներով մի քանի քաղաքացիների, տարել են ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն:

Նրա փոխանցմամբ, ոստիկանությունում իրենից պահանջել են, որ ասի, թե իբր մարզադաշտի հարակից տարածքի ծաղկավաճառներից գումարներ է շորթել և տարել տվել ինչ որ անձի և ասի, թե ում է տվել: Տեսնելով, որ իրենց պահանջը չի կատարում, ավելին հրաժարվել է նման հայտարարություն անել, այդ անձանց ցուցումով իրեն այդտեղ տարած դիմակավորված անձինք իրեն հայհոյել և ծեծի են ենթարկել, հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով ինքը ստացել է մարմնական վնասվածքներ:

«Հրապարակ» օրաթերթն իր հերթին գրել էր, որ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները բռնություն են կիրառել Կարեն Ղազարյանի նկատմամբ ու ծեծելով փորձել ցուցմունք կորզել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ։ Կարեն Ղազարյանին բռնությամբ ոստիկանություն տեղափոխելու և նրա նկատմամբ ճնշումներ գործադրելու դեպքի վերաբերյալ հրապարակումների կապակցությամբ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն։

  • Կիսվել: