կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Արմենիկում» ՓԲԸ-ում հաշվետվության արդյունքներով բազմաթիվ խախտումներ են բացահայտվել. պաշտոնյա

«Արմենիկում» ՓԲԸ-ում հաշվետվության արդյունքներով բազմաթիվ խախտումներ են բացահայտվել. պաշտոնյա

«Արմենիկում» ՓԲԸ-ում հաշվետվության արդյունքներով բազմաթիվ խախտումներ են բացահայտվել։ Այս մասին Ազգային ժողովում, տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «2017-2020թթ. պետական գույքի մասնավորեցման ծրագրի հաստատման մասին» հաշվետվության քննարկման ժամանակ, մայիսի 17-ին ասել է Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքի նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։

Արդյունքում, նրա խոսքով, հարուցվել են միանգամից մի քանի քրեական գործեր։ «Մասնավորեցման օբյեկտների ցանկում առաջարկվում է ընդգրկել նաեւ պետական բաժնեմաս ունեցող «Արմենիկում» ՓԲԸ-ն եւ «Հեր-հեր ՀԷԿ»-ը։ Այս երկու ՓԲԸ-ների գծով աշխատանքներն արդեն սկսվել են»,- ասել է Ավետիսյանը։

Ներկայում կազմակերպություններում կատարվում են ֆինանսական եւ գույքային ստուգումներ։ Պարզվել է, որ «Արմենիկում» ՓԲԸ-ն բազմաթիվ պարտավորություններ ունի։ «Իրականացվել է հաշվեքննություն։ Այս առիթով մենք արդեն դիմել ենք իրավապահ մարմիններին»,- տեղեկացրել է կոմիտեի ղեկավարը։

Իսկ ինչ վերաբերում է «Հեր-հեր ՀԷԿ»-ին, ապա, պաշտոնյայի խոսքով, այստեղ եւս մասնավորեցումը կապված է ձեռնարկության գործունեության արդյունավետության բարձրացման հետ։

Նա նշել է. ՓԲԸ-ն ներկա տեսքով որեւէ լրացուցիչ շահ չի ստեղծում պետության համար։ «Մասնավորեցումից հետո պետությունը կհետեւի նրանց գործունեությանը»,- հավաստիացրել է նա։

Առաջարկվող ուղղումները, նրա հավաստիացմամբ, թույլ կտան բարձրացնել նշված ընկերությունների գործունեության արդյունավետությունը, բարելավել կոնկրետ միջավայրը, ավելացնել երկրի ՀՆԱ-ում մասնավոր կապիտալի բաժինը, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման բյուջեների եկամուտներն ի հաշիվ պետական գույքի մասնավորեցումից ստացվող միջոցների։

  • Կիսվել: