Առանց քաղաքականության. Վարդապետյանը՝ ԱԺ-ի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովի աշխատանքի մասին
44-օրյա պատերազմի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության դիրքորոշումը ներկայացված է դատարան ուղարկված վարույթների շրջանակում արտահայտված դիրքորոշումների միջոցով, բացառությամբ մի քանի վարույթների, որոնք ունեն խիստ գաղտնի բնույթ։ Այս մասին մայիսի 6-ին Ազգային ժողովի նիստում, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության 2025 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ընթացքում, հայտարարել է գերատեսչության ղեկավար Աննա Վարդապետյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցին։
Ընդդիմադիր պատգամավորը, մասնավորապես, հետաքրքրվել էր՝ արդյոք դատաիրավական համակարգի ներկայացուցիչները մասնակցե՞լ են 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի հարցաքննություններին, ինչպես նաև հարուցված քրեական գործերից քանիսն են առնչվում բանակին և քանիսը՝ պետական այլ մարմիններին։
Օհանյանի կարծիքով՝ ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության միջոցով, ի թիվս այլնի, փորձ է արվում պատերազմում կրած պարտության պատասխանատվությունը բարդել ուրիշների վրա (մասնավորապես՝ զինվորականների), մինչդեռ ընդդիմադիր գործիչը համոզված է, որ պատասխանատուն ողջ պետական համակարգն է։
Ի պատասխան՝ Վարդապետյանը հիշեցրել է, որ 44-օրյա պատերազմում կրած պարտության հետ կապված գործերից մեկով առաջին ատյանի դատարանն արդեն իսկ կայացրել է վերջնական որոշում՝ նշանակելով շուրջ 15 տարի ժամկետով ազատազրկում։
«Այս կամ այն քաղաքական գնահատականները հնչեցնելը մեր գործառույթներից չի բխում», — ընդգծել է գլխավոր դատախազը։
Սեյրան Օհանյանը հակադարձել է.
«Ես քաղաքական գնահատական չեմ խնդրում։ Իմ հարցերը միանգամայն կոնկրետ էին։ Ձեր գործունեության արդյունքում պարզ դարձա՞վ՝ կա՞ն արդյոք հարուցված գործեր այլ համակարգերի վերաբերյալ, թե՞ այդպիսիք պարզապես չկան»։


