կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Անգամ վերև չթողեցին, ասացին՝ ԲԴԽ-ի դահլիճում տեղ չկա, հետո իմացանք՝ նիստը դռնփակ է. փաստաբան

Անգամ վերև չթողեցին, ասացին՝ ԲԴԽ-ի դահլիճում տեղ չկա, հետո իմացանք՝ նիստը դռնփակ է. փաստաբան

Այսօր Բարձրագույն դատական խորհրդում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցի քննությանը փաստաբաններին ներս չեն թողել:

Փաստաբան Մարինե Ֆարմանյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Մենք մի քանի իմ գործընկերների հետ ժամը 10..00-ին այստեղ էինք, որ մտնեինք դահլիճ, սակայն կարգադրիչները տեղեկացրին, որ հրահանգ կա վերեւ չթողնել, որովհետեւ վերեւում տեղ չկա: Այդ պահին ԲԴԽ նիստը սկսվել էր եւ դռնբաց էր ընթանում: Մեզ վերեւ չթողեցին:

Հասկանալի է, որ ԲԴԽ նիստերի դահլիճը փոքր է: Այդ պահին դա հասկացանք, բայց հետո լուր ստացանք, որ ԲԴԽ-ն որոշել է, որ դռնփակ անցկացնել նիստը: Հիմա մենք ուրիշ գործողություն ենք անում: Մենք փաստաբաններով ներգրավվում ենք որպես Դավիթ Հարությունյանի շահերի պաշտպան եւ որպես ներկայացուցիչ գնալու ենք նիստին մասնակցելու»,-ասաց Ֆարմանյանը:

Նշենք, որ այս պահին դատավոր Դավիթ Հարությունյանի շահերի պաշտպանությունը ստանձնելու պատրաստակամություն են հայտնել փաստաբաններ Լուսինե Մարտիրոսյանը, Ինեսա Պետրոսյանը, Զարուհի Նախշքարյանը, Միքայել Շխիմյանը, Արթուր Պիվազյանը, Մարինե Ֆարմանյանը, Հովսեփ Սարգսյանը, Գեորգի Մելիքյանը, Միհրան Պողոսյանը, Հրանտ Անանյանը, Երեմ Սարգսյանը, Հակոբ Ենոքյանը, Բենիկ Գալստյանը, Աբգար Պողոսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։ Վարույթ հարուցելու հիմքը դատավորի տված հարցազրույցն է եղել: Խոսքը, մասնավորապես, ապրիլի 7-ին՝ Դատավորների ընդհանուր ժողովի օրը, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի մասին է:

Նա անդրադարձել էր ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հայտարարությանը, եւ այն անթույլատրելի համարել: Հիշեցնենք՝ ընդհանուր ժողովի օրակարգում ԲԴԽ դատավոր-անդամի ընտրության հարցն էր։ Դրա նախօրեին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը մամուլի քարտուղարի անունից հաղորդագրություն էր տարածել, որով, ըստ էության, փորձել էր ուղղորդել դատավորներին ընտրությունից առաջ։ Դատավորներն, այդուհանդերձ, ԲԴԽ դատավոր անդամ չեն ընտրել Կարեն Անդրեասյանի թեկնածուին՝ Ռուբիկ Մխիթարյանին՝ իրենց քվեն տալով դատավոր Արշակ Վարդանյանին, որն ունի անկախ դատավորի համբավ։

Նշենք նաեւ, որ Կարեն Անդրեասյանն իր մամուլի խոսնակի միջոցով պարզաբանել էր, որ ինքը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել: «Վաղը կայանալիք դատավորների ընդհանուր ժողովին ընդառաջ՝ առանձին անհատներ փորձում են սուտ տեղեկություններ տարածել (նաեւ իրենց մերձավոր լրատվամիջոցով), որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, իբր, պատրաստվում է հեռանալ պաշտոնից: Վստահաբար, բոլոր տեղյակ եւ վերլուծող մարդիկ հասկանում են, որ նման տեղեկության տարածումը կարող է շահավետ լինել վաղը կայանալիք ԲԴԽ անդամի ընտրության միայն այն թեկնածուին, ով հույս ունի ընտրվել դատավորների հուսալքության հենքի վրա»,- ասվել էր պարզաբանման մեջ:

  • Կիսվել: