Ալեն Սիմոնյանի հետ միջադեպի մասնակցի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև Երևանի Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակներում միջադեպի մասնակից Միքայել Մարգարյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է կիրառել վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը։
Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Քննչական կոմիտեն դատարանին միջնորդել էր Միքայել Մարգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը։
Միքայել Մարգարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելը):


