Ագարակի Տաճատ Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները ճանաչողական այց են կատարել ՄԻՊ աշխատակազմ
Ապրիլի 15-ին Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամ Մարիետա Սոսոյանի նախաձեռնությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են այցելել Արագածոտնի մարզի Ագարակի Տաճատ Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտական խորհրդի 7-12-րդ դասարանի աշակերտները:
Պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը, ողջունելով աշակերտներին, ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության առաքելությունը, լիազորությունների շրջանակը, ինչպես նաև՝ աշխատանքի հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր թեմաներ, այդ թվում՝ առցանց հարթակներում երեխայի անվտանգության ապահովումը, երեխաների նկատմամբ բռնության կանխարգելումը, կրթության իրավունքի պաշտպանությունը, բուլինգի կանխարգելումը, անձնական տվյալների պաշտպանության խնդիրները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, երեխաների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև տարբեր իրավիճակներում երեխայի լավագույն շահի ապահովման առանձնահատկությունները:
Լիլիթ Աղաջանյանը կարևորել է երիտասարդների հետ երկխոսության հարթակների դերը՝ ընդգծելով, որ նման հանդիպումները նպաստում են մարդու իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացմանը։
Հանդիպումն անցկացվել է հարց ու պատասխանի ձևաչափով, ինչը հնարավորություն է տվել աշակերտներին բարձրաձայնելու իրենց հետաքրքրող հարցերը և ստանալու սպառիչ պատասխաններ։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնական հաստատությունների սաների հետ ճանաչողական հանդիպումները կրում են շարունակական բնույթ և միտված են երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։


