կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԱԱԾ տնօրենն է վարչապետին առաջարկել սահմանապահ զորքերի հրամանատարին ազատել պաշտոնից. Քոչարյան

ԱԱԾ տնօրենն է վարչապետին առաջարկել սահմանապահ զորքերի հրամանատարին ազատել պաշտոնից. Քոչարյան

ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանին պաշտոնից ազատելու համար հիմք է հանդիսացել ԱԱԾ տնօրենի առաջարկը վարչապետին:

Այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանական ճեպազրույցում: 

«Նրա հետ առնչվել եմ որպես հանձնաժողովի նախագահ, ինքը և բարոյական, և մասնագիտական առումով բարձրակարգ սպա է»,-ասաց Քոչարյանը:

Թե Սահմանապահ զորքերի հրամանատարին պաշտոնից ազատելը որքանո՞վ է կապված Տեղ գյուղի դեպքերի հետ՝ Քոչարյանն ասաց, որ ինչ-որ չափով կարող է առնչություն ունենալ, բայց ծառայողական քննությունը պետք է տա պատասխան:  

«Կարող է և սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնազրկումը կապված չէ դրա հետ, կարող է և կապված է: Բայց, ամեն դեպքում, պաշտոնազրկման համար հիմք է հանդիսացել ԱԱԾ տնօրենի առաջարկը վարչապետին: Դա քննարկման առարկա չէ»,-ասաց Քոչարյանը:

Նա հորդորեց ազատումը չկապել միայն Տեղ գյուղի դեպքերի հետ՝ նշելով, որ դա կարող է նաև պաշտոնների տեղաշարժով պայմանավորված լինել: Եվ դա պետք է միտված լինի հետագայում սահմանապահ զորքերի, պաշտպանական գերատեսչության ստորաբաժանումների ներդաշնակ համագործակցությանը:

Արման Մարալչյանին ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից ազատվելու մասին հայտնի էր դարձել ապրիլի 12-ին:

  • Կիսվել: