շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արմեն Չարչյանն ընդունել է ձերբակալման օրը առավոտյան գործընկերների հետ ունեցած զրույցի փաստը․ դատախազություն

Արմեն Չարչյանն ընդունել է ձերբակալման օրը առավոտյան գործընկերների հետ ունեցած զրույցի փաստը․ դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, անդրադառնալով «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի կողմից աշխատակիցներին սպառնալու ձայնագրության հրապարակմանը։

«Ինչպես արդեն տեղեկացվել է, բժշկական հաստատության ղեկավարի կողմից տվյալ կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Ա. Չ.-ն:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հաստատվել է ձայնագրության մեջ առկա դեպքի փաստն ու բովանդակությունը։ Ա. Չ.-ն ընդունել է ձերբակալման օրը առավոտյան գործընկերների հետ ունեցած զրույցի փաստը։

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն օրենքով սահմանված կարգով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություններ է ներկայացրել Ա. Չ.-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս հանդիսանում է ԱԺ պատգամավորության թեկնածու»:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի թեկնածուի կողմից նախընտրական փուլում իրեն ենթակա աշխատակիցների նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ 2021 թվականի հունիսի 18-ին «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքով տարածված ձայնագրության փաստով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ։

Նշենք, որ Չարչյանը սպառնացել է, որ իր «հորդորը» անտեսած աշխատակիցների նկատմամբ պատասխանը կլինի «ոչ թե համարժեք, այլ ավելի կոշտ»:

Նա նաև հիշեցրել է, որ ԲԿ-ի սեփականատերը Մայր Աթոռն է, որը գտնում է, որ «ներկայիս իշխանությունները ամեն ինչ ձախօղել են», ուստիև քվեարկելուց աշխատակիցները պետք է հիշեն սրա մասին:

  • Կիսվել: