կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքները կշարունակվեն հունիսի 27-ին

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքները կշարունակվեն հունիսի 27-ին

2020թ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ իր դռնբաց նիստը կշարունակի հունիսի 27-ին, պատգամավորները հարցեր կուղղեն վարչապետին:

Քննիչ հանձնաժողովի նիստում ՀՀ վարչապետի՝ շուրջ 3 ժամ տևած զեկույցի ներկայացումից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ ընդմիջում են նիստը, և վարչապետի հետ պայմանավորվածության համաձայն կշարունակեն հունիսի 27-ին ժամը 10:00-ին: Ըստ նրա՝ հարցերը կլինեն անսահմանափակ:

«Այսօրվա ելույթից հետո բազմաթիվ հարցեր առաջացան, որը մենք կներառենք հարցուպատասխանի ռեժիմում՝ ստանալով այդ հարցերի պատասխանները հանրային բաց քննարկման միջավայրում, իսկ, եթե անհնարին լինի, բնականաբար փակ ռեժիմով կշարունակենք աշխատանքը»,-ասաց Քոչարյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին վստահեցրեց. «Քննիչ հանձնաժողովի բոլոր հարցերին կպատասխանեմ հրապարակային: Բայց ենթադրում եմ, որ կլինեն հարցեր, որոնց հրապարակային պատասխաններին ավելացնելու բան կունենամ, որոնք կլինեն գաղտնի: Եթե այդ հավելումը կհամարեմ հրապարակման ոչ ենթակա, կխնդրեմ հնարավորություն տալ լրացումներն իրականացնել դռնփակ ռեժիմով»:

Վարչապետի՝ քննիչ հանձնաժողովում ներկայացված զեկույցը կներառվի հանձնաժողովի վերջնական զեկույցի փաթեթի մեջ:

  • Կիսվել: