հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
2018-ից քննվող գործ է. փաստաբանը՝ Հայր Ասողիկին ՔԿ կանչելու մասին

2018-ից քննվող գործ է. փաստաբանը՝ Հայր Ասողիկին ՔԿ կանչելու մասին

Նոր բան չկա, արդեն 7 և ավելի տարի է, որ Հայկ Ասողիկի հետ կապված գործի նույն շրջանակն է, հիմա հարցաքննություն էր՝ Գեղարդի վնասվածքին և մյուս պատմամշակութային արժեքների կորստին վերաբերող հերյուրանքները, որ արդեն բազմիցս լրատվամիջոցներով շրջանառվել են: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայր Ասողիկի փաստաբան Մարինե Ֆարմանյանը:

Նա նշել է, որ այս դեպքը նորից արթնացավ, որովհետև «սկսվեց նոր արշավ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների կողմից ինչ-որ գեներացված ու մոնտաժված տեսանյութեր էին շրջանառվում»:
 

«Ըստ երևույթին, դրա հետ կապված ավելի ակտիվացավ հարցադրումները: Քրեական վարույթը նախաձեռնվել է դեռ 2018 թվականին, դրա շուրջ քննություն է ընթանում՝ առայսօր կան դրվագներ, որոնք ևս միացվել են, սակայն ամբողջը հերհյուրանքի վրա է: Բազմաթիվ անգամներ սոցիալական հարթակներում լրատվամիջոցների փոխանցմամբ ներկայացվել է, որ իբրև Մայր Աթոռից ինչ որ պատմամշակութային արժեքների կորուստներ է տեղի ունեցել:  Բացի Գեղարդի դրվագից, կա նաև Աստվածաշնչի կորստին վերաբերող հարց, սա նորություն չէ, նոր գործ չէ ու քննությանը հետաքրքրող նոր հանգամանքներ չեն, պարզապես մարազմ է, որ նորից դրվել է շրջապտույտի մեջ՝ որոշակի պաշտոնատար անձանց կողմից և գեներացվում է տեսանյութերի միջոցով»,-հավելել է Ֆարմանյանը:

Խոսելով տեսանյութերի և Հայր Ասողիկի ներկայիս կարգավիճակի մասին՝ փաստաբանը նշել է, որ նա ունի վկայի կարգավիճակ:

«Տեսանյութերի մեջ մատնանշվող հանգամանքները Քննչական Կոմիտեի կողմից ստուգման ենթակա է բնականաբար: Հայր Ասողիկն այս պահին վկայի կարգավիճակով է, իրեն ինչ հարցեր հնչեցրին՝ այդ հարցերին էլ պատասխանեց»,-ասել է Ֆարմանյանը:

Իր հերթին Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի արխիվի և թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ Սուրբ Գեղարդն անխաթար, անվնաս, ապահով, անվտանգ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում է:

Դիտարկմանը, որ Գեղարդից ինչ–որ մասնիկ ռուս ուղղափառ եկեղեցուն է նվիրվել, Հայր Ասողիկը պատասխանել է՝ հիշեցնելով, որ դարեր շարունակ քրիստոնեական եկեղեցիներն իրար մասունքներ նվիրել են, նվիրում են և նվիրելու են։

«Դա բացառապես եկեղեցու իրավունքն է և որևէ մեկն այդտեղ ասելիք, անելիք չունի։ Եկեղեցին որոշում է, եկեղեցին նվիրում, բայց և եկեղեցին գիտի` ինչ է նվիրում, ինչպես է նվիրում և այդ ամենի արդյունքում ինչպես է անխաթար մնում սրբությունը, որը առաջին դարից պահվել է հայոց աշխարհում։ Մենք նվիրել ենք ընդամենը Գեղարդի մանրակերտը»,-ասել է նա։

  • Կիսվել: