կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը հատուցել է 741 ընտանիքի

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը հատուցել է 741 ընտանիքի

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը ուղերձ է հղել՝ միջանկյալ հաշվետվություն ներկայացնելով 2020-ի աշխատանքների վերաբերյալ:
 
««Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամն (այսուհետ՝ «Հիմնադրամ») իր ստեղծման օրվանից անխոնջ իրականացրել է իր առաքելությունը` հատուցումներ կատարելով մարտական գործողությունների արդյունքում զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին ու նրանց ընտանիքներին:
 
Հատկապես այս տարի կարևորվեց Հիմնադրամի գործունեության անհրաժեշտությունը, քանզի սեպտեմբերի 27-ին մեր թշնամիների կողմից սանձազերծված պատերազմը հանգեցրեց կորուստների աննախադեպ աճի:
 
Պատերազմի առաջին իսկ օրվանից մենք լծվեցինք համազգային նվիրաբերական դրամահավաք կազմակերպելու գործին, քանզի ենթադրում էինք, որ այդ գումարների կարիք լինելու է: Ի վերջո պատերազմ էր: Այս տարի մենք ստացել ենք 7.4 միլիարդ դրամի չափով նվիրաբերություններ` աշխարհի շուրջ 70 երկրներից:
 
Պատերազմի հարաբերական դադարից հետո մեր հաջորդ աշխատանքն էր սկսել ծնող, զավակ ու ամուսին կորցրած մեր հայրենակիցներին հատուցումներ կատարելը:
 
Այս տողերը գրելու պահին Հիմնադրամը հատուցումներ է կատարել արդեն 741 ընտանիքների: Գործընթացն ինտենսիվ շարունակվելու է 2021 թվականին` մինչև հատուցումներ կատարենք բոլոր զոհված ու անհետ կորած զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին:
 
Հաշվետվողականությունն ու թափանցիկությունը մեզ համար արժեքներ են: Այդ իսկ պատճառով հրապարակում ենք 2020 թվականի մեր միջանկյալ հաշվետվությունը` 2021 թվականի ապրիլին ամբողջականը հրապարակելու
խոստմամբ:
 
Օգտվելով առիթից, շնորհակալություն եմ հայտնում 1000 դրամներ վճարած մեր բոլոր հայրենակիցներին, նվիրաբերություն կատարած մեր բոլոր աջակիցներին, այս ընթացքում մեզ օգնած բոլոր անհատներին ու կազմակերպություններին ու, ի վերջո, օրնիբուն Հիմնադրամի աշխատանքներն իրականացրած մեր բոլոր
կամավորականներին: Շնորհակալ եմ»:

  • Կիսվել: