«Ժողովուրդ». Ցեղասպանոսւթյան բանաձևի փաստաթուղթն այժմ օրենքի պարտադիր ուժ չունի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը նախօրեին ձայների գերակշիռ մեծամասնությամբ ճանաչեց 1,5 մլն հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում:Հայության դրական արձագանքն էլ` վարչապետ Փաշինյանի մակարդակով, չուշացավ:
Նկատենք, սակայն, որ այս փաստաթուղթն այժմ օրենքի պարտադիր ուժ չունի, բայց արձանագրում է՝ Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է պաշտոնապես ճանաչի եւ ոգեկոչի Հայոց ցեղասպանությունը, չմասնակցի այդ փաստի ժխտմանը եւ խրախուսի Հայոց ցեղասպանության հանրային ըմբռնմանը: Հիմա բանաձեւը պետք է Սենատում քվեարկվի, միգուցե ինչ-որ փոփոխություններ լինեն, դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է ստորագրի այն։ Եվ միայն այս ընթացակարգերն անցնելուց հետո բանաձեւը կյանքի կկոչվի:
Որ թուրք-ադրբեջանական տանդեմի բողոքի ձայնը լսվեց, բացարձակ սպասելի էր: Ավելին, բանաձեւի ընդունումից անմիջապես հետո Ադրբեջանը հերթական սադրանքին գնաց՝ հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը եւ վաղ առավոտյան գնդակոծեց Տավուշի մարզի բնակավայրերն ու դիրքերը` կիրառելով ավելի մեծ տրամաչափով զինատեսակներ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` 7.62 մմ տրամաչափով զենքերի փոխարեն այս անգամ կիրառվել է մի քանի անգամ ավելի մեծ՝ 23 մմ տրամաչափի զենք: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ադրբեջանական կողմին կոչ արեց զերծ մնալ սադրանքներից` հավելելով, որ դրանք անպատասխան չեն մնա:
Արցախի ՊՆ-ն էլ երեկ առանձին հայտարարեց` ընդգծելով, որ վերջին օրերին արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվում է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ, եւ ավելի հաճախակի են օգտագործվում դիպուկահար զինատեսակներ: Այժմ հերթը թերեւս միջազգային հանրության արձագանքինն է:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: