Ժողովրդավարությունն է, որ ամենամեծ պաշտպանության կարիքն ունի այսօր. «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքն» անցկացրել է հանրահավաք:
«Ընդդեմ գողապետության՝ հանուն հանրապետության կարգախոսով» հանդես եկող դաշինքի ներկայացուցիչներն ասել են, որ գողապետությունը պետք է արմատախիլ անեն, անցյալին վերադարձն էլ բացառել են: Կարևոր են համարել ինքնիշխանության ու անվտանգության հարցերը:
Նրանք վստահեցրել են, որ հայամետ ու հայաստանակենտրոն քաղաքական ուժ են և կանգնած են լինելու հեղափոխության նվիրյալների կողքին:
Հայտնել են նաև, որ գործակցելու են այն ուժերի հետ, որոնք հեղափոխության երկրորդ փուլին են պատրաստվում:
«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանը, մասնավորապես, նշել է. «Ժողովրդավարությունն է, որ ամենամեծ պաշտպանության կարիքն ունի այսօր, և մենք՝ «Շիրինյան-Բաբաջանյան դաշինքը», հանդես ենք գալիս Հայաստանի ժողովրդավարության, ազատության պաշտպանության ամուր դիրքերից»:
Նա նաև հավելել է, որ առաջիկա գործընթացներում հենց իրենք են ապահովելու մեր պետության և ժողովրդավարական ապագայի թիկունքի պաշտպանության գործը: