հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
Ժողովրդավարական բարեփոխումների ամբողջ փաթեթը թարմացնելու գործընթացն առաջնային է. Փաշինյան

Ժողովրդավարական բարեփոխումների ամբողջ փաթեթը թարմացնելու գործընթացն առաջնային է. Փաշինյան

Հայաստանում նոր ձևավորվող կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունն առաջնային խնդիր է համարում ժողովրդավարական բարեփոխումների ամբողջ փաթեթը վերագործարկելու կամ թարմացնելու գործընթացը։ Այս մասին «Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակ» երկօրյա միջոցառման բացման արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը, շնորհավորելով Դատախազության աշխատողի օրվա առթիվ, գոհունակություն հայտնեց միջոցառման անցկացման վերաբերյալ և հավելեց, որ այն լավ առիթ է՝ անդրադառնալու դատախազության գործունեությանը և կիսելու փորձը մյուս գործընկերների հետ և մյուս գործընկերներից լսելու իրենց փորձի մասին։

«Օրենքը, իրավունքը զարգանում է, և ինչքան մենք լինենք միջազգային հաղորդակցության մեջ, այնքան ավելի արդյունավետ կլինենք Հայաստանում արդարության և արդարադատության հաստատման համաժողովրդական ակնկալիքը իրականություն դարձնելու ճանապարհին»,-ասաց վարչապետը։

Նա նկատեց, որ միջոցառման այս տարվա քննարկումը նվիրված է ապօրինի գույքի բռնագանձման համակարգին և դրա հետ կապված մի շարք հարցերի։

«Ես ուզում եմ առիթը օգտագործել մի կարևոր թյուրըմբռնում պարզաբանելու համար․ կա ընդհանուր ընկալում, և այդ ընկալման պատճառները պարզ են, որ ապօրինի գույքի բռնագանձման համակարգը և ինստիտուտն ուղղված է կամ գործում է նախկին պաշտոնյաների գործունեության համատեքստում, բայց թույլ տվեք ասել, որ սա թյուրըմբռնում է, որովհետև ապօրինի գույքի բռնագանձման համակարգը իրականում ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից մեկն է, որպեսզի այս պահին գործող պաշտոնյաներն այդ ազդակը ստանան, որ գույքի նկատմամբ անառողջ և ոչ օրինական ուշադրությունը հեռանկար չունի, որովհետև այս պահից պետք է կանխատեսելի լինի, թե  ինչի է բերելու և ինչի է հանգեցնելու ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտը։ Վերջինիս լիարժեք գործարկման հարցում, իհարկե, և՛ ժողովուրդը, և՛ կառավարությունը մի քիչ անհամբեր են, այնուամենայնիվ, հակակոռուպցիոն քաղաքականության, կառավարության և կառավարող մեծամասնության շատ կարևորագույն սյուներից մեկն է, և այս առումով ուզում եմ ընդգծել, որ ինձ համար, որպես վարչապետ, ամենաանհանգստացնող փաստերից մեկն այն է, որ հակակոռուպցիոն քաղաքականությունների մեջ և այդ թվում՝ միջազգային վարկանիշերում մենք որոշակի լճացման փուլում ենք հայտնվել․ սա իրականում անհանգստացնող փաստ է, որի հետ մենք որևէ կերպ չենք կարող համակերպվել, որովհետև մեզ համար սկզբունքային է, որ մենք հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում անընդհատ և սկզբունքային, հետևողական առաջընթաց արձանագրենք։ Նոր ձևավորվող կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը առաջնային խնդիր է համարում ժողովրդավարական բարեփոխումների ամբողջ փաթեթը վերագործարկելու կամ թարմացնելու գործընթացը»,-ընդգծեց վարչապետ Փաշինյանը։

  • Կիսվել: