երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Զարիֆը գեներալ Սոլեյմանիի սպանությունը բնորոշել է որպես ահաբեկչություն

Զարիֆը գեներալ Սոլեյմանիի սպանությունը բնորոշել է որպես ահաբեկչություն

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո հայտարարել է, որ Թեհրանը չի ցանկանում լարվածություն տարածաշրջանում: Այս մասին ասված է Իրանի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ։

«Իրանը չի ցանկանում, որ տարածաշրջանում լարվածություն լինի, իսկ օտարերկրյա ոչ տարածաշրջանային ուժերի միջամտությունը հանգեցնում է իրավիճակի ապակայունացմանը, անվտանգության ոլորտում իրավիճակի վատթարացմանն ու լարվածության սրմանը»,-ասել է նախարարը Թեհրանում՝ իր քաթարցի գործընկեր Մուհամմեդ բեն Աբդուրահման ալ-Թանիի հետ բանակցությունների ընթացքում:

Գեներալ Սոլեյմանիի սպանությունը Զարիֆը բնորոշել է որպես ահաբեկչություն և նշել, որ ԱՄՆ-ն պատասխանատվություն է կրում իր այդ արարքի համար:

Հունվարի 3-ին Ղասեմ Սուլեյմանին Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում սպանվել էր ամերիկյան օդուժի կողմից։ Հարված հասցնելու կարգադրությունը տվել է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ սա պաշտպանողական գործողություն է եղել՝ կանխելու համար տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի դեմ հետագա հարձակումների կազմակերպումը:
 
Իրանի Press TV-ն հայտնել է, որ Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին խոստացել է խստորեն պատասխանել Սուլեյմանիի սպանության մեղավորներին՝ նշելով, որ Իրանը և տարածաշրջանի մյուս երկրները վրեժ են լուծելու ԱՄՆ֊ից։ Խամենեին նաև 3 օր ազգային սուգ է հայտարարել: Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը այդ գործողությունն անվանել է ԱՄՆ-ի կողմից միջազգային ահաբեկչական ակտ։
 
Նշենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում ասված է.
 

«Խորապես մտահոգված ենք վերջին շրջանում Բաղդադում տեղի ունեցած իրադարձություններով, որոնք հանգեցրել են նաև մարդկային զոհերի: Դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս: Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից:

Հայաստանը կշարունակի սերտորեն համագործակցել իր բոլոր գործընկերների հետ՝ ի շահ տարածաշրջանային կայունության և անվտանգության»։

  • Կիսվել: