շաբաթ, հուլիս 13
13 / 7 / 2024
Զախարովան վստահեցնում է՝ ՌԴ-ն Հայաստանի հետ միշտ բարեկամ կլինի

Զախարովան վստահեցնում է՝ ՌԴ-ն Հայաստանի հետ միշտ բարեկամ կլինի

Հայաստանի, հայ ժողովրդի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում մեզ համար միշտ առաջնահերթ են եղել մի շարք պատճառներով՝ պատմական, տնտեսական, այդ թվում՝ աշխարհաքաղաքական։ Դրանք միշտ կառուցվել են հավասարության, տարածաշրջանում իրավիճակի բարդության ըմբռնման վրա, հաշվի են առվել փոխադարձ շահերը: Այս մասին ճեպազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա, մասնավորապես, նշել է. «Ես հասկանում եմ, որ շատերն են ցանկանում դրանք տապալել, շատերն են շատ բան արել երկկողմ հարաբերությունները վնասելու համար, բայց կարծում եմ, որ Ռուսաստանն իր բաց սրտով ամեն ինչ արել է, որ այդ փորձերն ապարդյուն լինեն։ Չնայած որ մեզ հասցեագրվել են նույնիսկ շատ ոչ ադեկվատ, երբեմն ծայրահեղ վիրավորական հայտարարություններ, երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը խաթարելուն ուղղված ապակառուցողական քայլեր։

Բայց չէ՞ որ այնքան կյանքեր են զոհվել թե՛ Հայաստանում, թե՛ այլ երկրներում, և մեծ մասամբ նաև մեր քաղաքացիներ՝ զինվորականներ, համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ, սահմանապահներ, որոնք, զոհաբերելով իրենց կյանքը, իրենց առողջությունն ու բարեկեցությունը, պաշտպանել են տարածաշրջանն ու Հայաստանի ժողովրդին հին հակամարտություններից ու բնական աղետներից: Այդ ամենն արժե հաշվի առնել»:

Նա նաև վստահեցրել է. «Մենք Հայաստանի հետ միշտ բարեկամ կլինենք, կզարգացնենք հարաբերությունները. խոսքը երկու ժողովուրդների և երկրների մասին է»:

Ըստ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի՝ բոլոր հարցերը, որոնք վերաբերում են կոնկրետ երկրի ներքաղաքական կյանքին, և Հայաստանը բացառություն չէ, այս կամ այն ​​ինքնիշխան պետության ներքին գործն են։

  • Կիսվել: