Ընտրություններից առաջ այս փոփոխությունը խնդրհարույց է. որոշ ուժեր անվանման ռեբրենդինգի կարիք են ունենալու. Իոաննիսյան
Երբ մենք հետագայում նայել ենք հանձնաժողովի նիստի արձանագրությունը, եկել ենք այն եզրահանգման, որ այդտեղ ինչ–որ մեկի տեխնիկական վրիպակն է եղել։ Այս մասին, այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծին, որով այժմ առաջարկվում է արգելել, որ ընտրական դաշինքների անվանումներում լինեն անձնանուններ։
Հիշեցնենք, որ մինչ 2024 թվականը այդ արգելքը եղել է, հետագայում, ըստ իշխող ուժի, տեխնիկական վրիպակի հետևանքով այդ արգելքը հանվել է ու հիմա նորից ուզում են դա մտցնել։
«Չենք պարզել, թե ում կողմից է եղել այդ վրիպակը, երբեք չենք պարզի։ Կամ արդարադատության նախարարությունից, կամ Ազգային ժողովից, բայց որ դա ԿԸՀ–ի նախաձեռնությունը չի եղել, այդ մասով «Անկախ դիտորդը» արձանագրել է։
Դաշինքների անվանման մեջ անձնանունների, տեղանունների և պետությունների անվանումների արգելքին վերաբերող կարգավորումը կար մի քանի տառաջ, 2024–ի փոփոխություններով տեխնիկական վրիպակի արդյունքում դուրս է եկել և հիմա հետ է բերվում։
Այստեղ մեր մոտեցումը հետևյալն է. այդ կարգավորումը, այդ արգելքը պետք է, բայց այդ արգելքը ընտրություններից երկու ամիս առաջ բերելը խնդրահարույց է զուտ ժամկետների առումով։ Եթե այս փոփոխությունը լիներ գոնե մի քանի ամիս առաջ, մենք դա կողջունեիք։
Ակնհայտորեն, որոշ քաղաքական ուժեր որոշակի բրենդինգ են ձևավորել կամ ձևավորում, և հիմա նրանք որոշակի ռեբրենդինգի կարիք են ունենալու»,–ասաց նա։
Անդրադառնալով նրան, թե այդ ինչպես պատահեց, որ այդ «վրիպակը» տեսան ընտրություններից 2 ամիս առաջ, Իոաննիսյանն ասաց. «Այս կարգավորումը գոնե մեր կողմից նկատվեց այն ժամանակ, երբ մենք տեսանք, որ ձևավորվում են դաշինքներ, որոնք անձնանուններ ունեն իրենց անվանման մեջ։ Երվ ես տեսա հայտարարությունը, որ «Ուժեղ Հայաստան Սանվել Կարապետյանի հետ» դաշինք է ձևավորվում, ես մի քիչ զարմացա, որովհետեւ ես ունեի այն վստահությունը, որ ընտրական օրենսգրքի 81–րդ հոդվածը դա արգելում է։ Երբ ես բացեցի այդ հոդվածը, տեսա, որ այդ արգելքը չկա ու շատ զարմացա։ Ես այդ ժամանակ եմ բացահայտել»։
Հիշեցնենք, որ ըստ առաջարկվող փոփոխության, «Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ եւ (կամ) դրանց հոլովաձեւեր»։
Դիտորդները նշում են, որ այս նախաձեռնությունը հստակ ուղղված է «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի դեմ, որի անունն ու ազգանունը ներառված են իր կուսակցության՝ «Հզոր Հայաստան»-ի կողմից ստեղծված ընտրական դաշինքի անվանման մեջ:
Նշենք, որ օրեր առաջ Դանիել իոաննիսյանը գրառում էր արել, որտեղ նշել էր. «Իսկ դուք գիտե՞ք, որ նախքան 25 թվական ընտրական օրենսգրքը արգելում էր, որ կուսակցությունների դաշինքները պարունակեն անձնանուններ, սակայն 2024 թվականի դեկտեմբերին ԿԸՀ-ի առաջարկությամբ առանց քաղհասարակության հետ խորհրդակցելու այդ արգելքը հանվում է։ Ինձ ահագին զարմացնում է իշխանությունից որոշների ինքնավստահությունը, որոնք կարծում են, թե կարող են գաղտագողի փոխել ընտրական օրենսգիրքը»։


