շաբաթ, հուլիս 13
13 / 7 / 2024
Ընտրողներն այլևս չեն ծանուցվելու թղթային եղանակով․ ընտրական ցուցակները կտեղադրվեն ԿԸՀ-ի և ՆԳՆ-ի կայքէջերում

Ընտրողներն այլևս չեն ծանուցվելու թղթային եղանակով․ ընտրական ցուցակները կտեղադրվեն ԿԸՀ-ի և ՆԳՆ-ի կայքէջերում

 Քվեարկության օրվան նախորդող 40-րդ օրը և 7-րդ օրը նախնական և վերջական ընտրական ցուցակները տեղադրվելու են կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջերում։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այս մասին հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ ներկայացնելով համապատասխան օրենքի նախագիծը։

«Նախագծով սահմանվում է, որ քվեարկության օրվան նախորդող 40-րդ օրը և 7-րդ օրը նախնական և վերջական ընտրական ցուցակները տեղադրվելու են կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջերում։ Ընտրական ցուցակները պետք է պարունակեն ընտրողի անունը,ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, հաշվառման հասցեն, քվեարկության օրը և ժամանակը, ընտրական տեղամասը, իսկ վերջնական ցուցակը՝ նաև ընտրական տեղամասի համարի և տեղամասային կենտրոնի հասցեի մասին տեղեկատվությունը։

Հիմնականում նախագծի անհրաժեշտությունը առաջացել է թղթային նամակներից ազատվելու համար, հետագայում նաև ԿԸՀ-ն հավելվածի առաջարկ է ներկայացնելու, որի միջոցով ընտրողը կարողանալու է տեղեկատվություն ստանալ  իր ընտրատեղամասի հասցեի և գտնվելու վայրի վերաբերյալ»,- ասաց Ղազարյանը։

Նրա խոսքով՝ ներկայում գործող կարգավորումները բավականին հնացած են։  

«Գործ ունենք դեռևս 2006 թվականին ընդունված կարգավորման հետ, որով ընտրական ցուցակները փոխանցվում էին «Հայփոստ»-ին, և «Հայփոստ»-ը թղթային եղանակով ծանուցումներ էր ուղարկում քաղաքացիներին։ Այս ծանուցումները շատ դեպքերում չեն հասել քաղաքացիներին։ Ըստ այդմ, այս տեղեկացման եղանակը համարում ենք անարդյունավետ։  

Բացի այդ, սա էական ծախս է բյուջեի համար։ Նշեմ, որ Երևանի ավագանու 2023 թվականի ընտրությունների համար այս նպատակով ծախսվել է շուրջ 270 միլիոն դրամ՝ 823 հազար ընտրողների համար։ Այս ամսվա մեկնարկին մենք ունենք 2,4 միլիոն ընտրող, և, եթե գործող օրենսդրությամբ գնանք, ապա հաջորդ համապետական ընտրություններին ծախսը կարող է գերազանցել 800 միլիոն դրամը։ Եվ դա չարդարացված ծախս կլինի՝ հաշվի առնելով նաև տեխնոլոգիական միջոցների և մարդկանց նշված տեղեկությունը հասցնելու եղանակների ժամանակակից հնարավորությունները»,-եզրափակեց Ղազարյանը։

  • Կիսվել: