ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Ընդհանուր իրադրությունից է բխում, որ ՀՀ և Ադրբեջանի ներկայացուցիչների շփումները պետք է լինեն ավելի հաճախ. Փաշինյան

Ընդհանուր իրադրությունից է բխում, որ ՀՀ և Ադրբեջանի ներկայացուցիչների շփումները պետք է լինեն ավելի հաճախ. Փաշինյան

Ես դեռևս ամռանը մի քանի անգամ հայտարարել եմ, որ ՀՀ-ն պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակներում ունենալ հանդիպումներ, բանակցություններ Ադրբեջանի հետ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ֆորմատով և, ինչպես գիտեք, ԱԳ նախարարները այդ ֆորմատում արդեն հանդիպումներ ունեցել են: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եվ մենք ակնկալում ենք և սպասում, որ նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը կազմակերպի այդպիսի հանդիպում։ Մենք արդեն նախապես դրա մասին հայտարարել ենք, մեր պատրաստակամությունն ենք արտահայտել», - ասաց Փաշինյանը։

Նա հավելեց՝ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Իլհամ Ալիևի հետ կայանալիք հանդիպումը նույնպես նորություն չէ, Փաշինյանի խոսքով՝ Շառլ Միշելը ամռանը տարածաշրջան կատարած իր այցի շրջանակում այդպիսի գաղափար է առաջ քաշել։

«Ես այդ գաղափարը չեմ մերժել, ընդունել եմ, ասել եմ՝ երբ դեկտեմբերը մոտենա, ավելի կկոնկրետացնենք, և արդեն հայտնի հանգամանքներում նա զանգ է ունեցել և՛ ինձ հետ, և՛ Ադրբեջանի նախագահի հետ, և մենք երկուստեք հաստատել ենք մասնակցությունը Արևելյան գործընկերության գագաթնաժողովին և գագաթնաժողովի շրջանակում նաև պատրաստակամություն ենք հայտնել հանդիպել», - նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումները պետք է ավելի հաճախակի լինեն։

«Մեր ընկալումն այն է՝ նաև ընդհանուր իրադրությունից է բխում, որ ՀՀ և Ադրբեջանի ներկայացուցիչների շփումները պետք է լինեն ավելի հաճախ, որպեսզի մենք կարողանանք իրադրությունը կարգավորել, լուծումներ գտնել և փորձել խուսափել ճգնաժամերից», - նշեց Փաշինյանը։

  • Կիսվել: