Ընդդիմադիրները պետք է ներողություն խնդրեն. ԱԺ նախագահ
ԱԺ նախագահն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով երեկ խորհրդարանում վարչապետի ներկայությամբ լարված իրավիճակին, ասաց՝ կարծում է՝ ընդդիմադիրները պետք է ներողություն խնդրեն, որովհետև այդ ամենը ընդդիմադիրների գործունեության, լկտիության, պահվածքի հետևանք էր:
«Այդ լարվածության աստիճանն անընդհատ բարձրանում է, սկզբից սկսում են քեզ ընդհատել, երբ մի միտք ես ասում, դրանից հետո սկսում են դու-ով խոսել, հետո սկսում են ակնհայտ սուտ խոսել, դրանից հետո սկսում են բղավել, ապա կոլեկտիվ ձևով բղավել»,- ասաց ԱԺ նախագահը:
Նրա խոսքով՝ մարդկանց հետ շփումներում իրեն ամենաշատը տրվող հարցն այն է, թե իր նյարդերն ինչպես են դիմանում:
«Դուք չեք պատկերացնում՝ այդ լարվածությունն ինչ աստիճանի է»,- հավելեց Սիմոնյանը:
Դիտարկմանը՝ արդյո՞ք դա արդարացում է, ասաց՝ արդարացում չէ, սակայն յուրաքանչյուր մարդու համար դա պետք է հասկանալի լինի:
«Վարչապետն էլ, ես էլ, մարդ ենք: Մսից ու արյունից ենք, ու մենք էլ նյարդեր ու համբերություն ունենք»,- ասաց ԱԺ նախագահը:
Հարցին՝ արդյոք ընդդիմադիրներն իրավունք չունեն բարձրաձայնել կոռուպցիոն դրսևորումների կասկածների մասին, Սիմոնյանը պատասխանեց. «Ոչ ոք չի ասում մի բարձրաձայնեք: Այն, որ նրանք այսօր բարձրաձայնում են, դա շնորհիվ Նիկոլ Փաշինյանի է: Այն, որ այդ հարցը ինձ տալիս եք, շնորհիվ Նիկոլ Փաշինյանի է, այսինքն՝ խոսքի ազատությունը, մարդկանց ազատ արտահայտվելու իրավունքն այսօր ամենաբարձր աստիճանն է ՀՀ պատմության մեջ:
Այդ մարդիկ, գայլ լինելով, հագնելով գառի դիմակ, գալիս նստում են այստեղ, ասում են՝ բա չիմացաք, մարդուն տարան 12 ժամ պահեցին, բայց իր ձեռքերը արյան մեջ են»,- նշեց ԱԺ նախագահը:
Նրա խոսքով՝ կան քրեական գործեր, որոնք շարունակվում են ու ՀՀ գլխավոր դատախազը գալու է նրանց հետևից:
«Այդ մարդիկ պատժվելու են, ժամանակի խնդիր է»,- ասաց Սիմոնյանը:
Հարցին՝ ում նկատի ունի ԱԺ նախագահը, պատասխանեց՝ այն մարդկանց հետևից, որոնք 2008-ին զորք են մտցրել Երևան ու մարդկանց են գնդակահարել:
Նրա խոսքով՝ մենք չենք կարող մեզ թույլ տալ լինել բռնապետ, որովհետև ունենք անվտանգային խնդիր:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ինչու իրավապահ համակարգը դա չի արել այս ընթացքում, պատասխանեց՝ պատճառները շատ են:
«Ամբողջ կազմով լծվել են հետքերը վերացնելուն: Շատ եմ մարտի 1 ասում, որովհետև մասնակցել եմ այդ ամենին: Փամփուշտներ վերացնելով, վաղեմության ժամկետների պատճառով, իրավապահ համակարգի միգուցե ծանրաբեռնվածության պատճառով, բայց էլի եմ ասում՝ դա չի փրկելու, էդ մարդիկ նստելու են»,- ասաց Սիմոնյանը՝ խուսափելով անուններ հնչեցնել:
«Ասածս հետևյալն է՝ թող մնան իրենց չափի մեջ»,- կոչ արեց ԱԺ նախագահը: