Վստահ եմ, որ ՔՊ-ն հաջորդ ընտրություններին ՀՀ ժողովրդի հետ խոսելու է և ստանալու է 50+1 ձայն. ԱԺ նախագահ
Ռոբերտ Քոչարյանի վարկանիշի մասին խոսելիս միշտ պետք է հիշել, որ Ռոբերտ Քոչարյանը նախագահական բացարձակ իշխանություն ունենալու ժամանակ չի կարողացել երբևիցե իր մրցակիցներին՝ նորեկ մրցակիցներին, քաղաքական դաշտում հաղթել: Դա խաբկանք է, թող իրենք իրենց հույս տան: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան հարցի, թե որոշ ԶԼՄ-ներ գրում են, որ ՔՊ-ի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ցածր է, փոխարենը բարձրացել է Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը:
«Այո՛, կարող է մեր վարկանիշը, վարչապետի վարկանիշը, իմ վարկանիշը տատանումներ ապրեն: Ընդհանրապես բոլոր գործող իշխանությունների վարկանիշը, որոնք գործ են անում, այլ ոչ թե փորձում են ինչ-որ մեկին հաճոյանալ և պոպուլիզմով զբաղվել, իջնում-բարձրանում է:
Ես միանշանակ վստահ եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաջորդ ընտրություններին՝ 1 տարի հետո, ՀՀ ժողովրդի հետ խոսելու է և ստանալու է 50+1 ձայներ: Ամենայն հավանականությամբ, միանձնյա կազմելու է իշխանություն և շարունակելու է այն բարեփոխումները, որոնք Հայաստանի Հանրապետությանը պետք են»,- ասաց Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ այդ հարցում իրենց կօգնեն Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաև արթուրվանեցյաններն ու նմանատիպ մարդիկ:
ԱԺ նախագահի համոզմամբ՝ հենց վերջիններս մտնեն եթեր, իրենց վարկանիշը կսկսի բարձրանալ:
«Եթե դրան միանան վազգենմանուկյանները և բագրատսրբազանները, վարկանիշը ևս 5 սանդղակով կավելանա: Երկրորդ՝ այն աշխատանքը, որ մենք արել ենք, տանելու ենք, մարդկանց ներկայացնենք: Վարչապետի շփումը, մեր շփումը ՀՀ ժողովրդի հետ քարոզարշավի ընթացքում, շրջադարձային փոփոխություններ է ունենալու ընտրությունների արդյունքների վրա: Ես դրանում կասկած չունեմ»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ ֆեյսբուքյան իրականությունից դուրս՝ իմաստուն հայ մարդը գիտի, որ ինքը նախկինների վերադարձը երբեք չի ցանկանում ու թույլ չի տա, բացի դրանից՝ այսօրվա իշխանության պես հասանելի իշխանություն երբեք չի եղել ու չի էլ լինելու: