ուրբաթ, հունիս 19
19 / 6 / 2026
Վստահ եմ, որ Ձեր առաջնորդությամբ Հայաստանի Հանրապետությունը կշարունակի պահպանել իր արևմտամետ ուղղությունը. Չեխիայի վարչապետը՝ Փաշինյանին

Վստահ եմ, որ Ձեր առաջնորդությամբ Հայաստանի Հանրապետությունը կշարունակի պահպանել իր արևմտամետ ուղղությունը. Չեխիայի վարչապետը՝ Փաշինյանին

Չեխիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Բաբիշը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով: Ուղերձում ասված է.

«Հարգելի՛ վարչապետ, թույլ տվեք անձամբ իմ և Չեխիայի Հանրապետության անունից անկեղծորեն շնորհավորել ձեզ վերջին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս ընտրությունների արդյունքը հստակ վկայում է այն վստահության մասին, որը ձեր երկրի քաղաքացիները ունեն ձեր նկատմամբ։ Ես ջերմությամբ եմ հիշում այս տարվա մայիսին Երևանում կայացած մեր հանդիպումը և ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը հյուրընկալեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որը կարելի է համարել հաջողված, և ուղեկցվեց դրական միջազգային արձագանքով։ Վստահ եմ, որ Ձեր առաջնորդությամբ Հայաստանի Հանրապետությունը հաջողությամբ կհաղթահարի առկա մարտահրավերները, կշարունակի բարգավաճել և պահպանել իր արևմտամետ ուղղությունը։

Մեր երկրների միջև հարաբերությունները ավանդաբար բարեկամական են եղել՝ հիմնված ընդհանուր արժեքների, փոխադարձ հարգանքի և մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ առևտրի, տրանսպորտի և պաշտպանական արդյունաբերության մեջ սերտ համագործակցության վրա։ Ես մեծապես գնահատում եմ այս գործընկերությունը և անհամբեր սպասում եմ մեր ապագա անձնական համագործակցությանը թե՛ երկկողմանի, թե՛ միջազգային կազմակերպությունների շրջանակներում։

 

Մաղթում եմ ձեզ հաջողություններ, քաջառողջություն և մեծ ուժ ձեր պահանջախնդիր և պատասխանատու պարտականությունների կատարման գործում»։ 

  • Կիսվել: