շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Վերջին ամիսներին տարբեր ուղղություններով նկատվում են Ադրբեջանի կողմից միտումնավոր և համակարգված խախտումներ․ Աբրահամյան

Վերջին ամիսներին տարբեր ուղղություններով նկատվում են Ադրբեջանի կողմից միտումնավոր և համակարգված խախտումներ․ Աբրահամյան

Վերջին 1.5-2 ամիսների ընթացքում առաջնագծի տարբեր ուղղություններով նկատվում են Ադրբեջանի կողմից միտումնավոր և համակարգված խախտումներ։

Այս մասին այսօր Ազգային ժողովում կայացած ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Նախ վերջին մեկ շաբաթվա ընթացքում հնչել են երկու բավականին ուշագրավ հայտարարություններ։ Առաջինը՝ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունն էր Կոնգրեսում, որտեղ, ըստ էության, նշվեց, որ անկախ այն հանգամանքից, որ գործընթաց է ընթանում Հայաստանի և Ադրբեջանի միջև, լարվածությունը պահպանվում է։ Երկրորդը Ռուսաստանի պաշտպանության նախարարի հայտարարությունն էր, որը շատ ավելի կոնկրետ էր՝ նշելով, որ Սյունիքի շուրջ լարված իրավիճակ է։

Այս պահին ընթանում են գործընթացներ, որոնք արտաքուստ կարող են չերևալ, քանի որ բանակցային գործընթացները, աշխարհաքաղաքական տարբեր դերակատարների հանդիպումները կամ հատուկ ծառայությունների ներկայացրած տեղեկատվությունները, բնականաբար, չեն հանրայնացվում։ Այս պարագայում հասարակությունը լայնորեն չի տիրապետում առկա իրավիճակային խնդիրներին կամ ռիսկերին։

Սյունիքում ստեղծված իրավիճակը պայմանավորված չէ միայն հայ-ադրբեջանական հարաբերություններով կամ դրանց հնարավոր կարգավորմամբ։ Սյունիքի աշխարհագրական դիրքը, ինչպես նաև Իրանի հետ սահմանակցությունը, տալիս են նրան ոչ միայն տարածաշրջանային, այլև աշխարհաքաղաքական նշանակություն։ Այդ իսկ պատճառով այն հայտարարությունները, որոնք հնչել են ոչ պատահական երկրների ոչ պատահական պաշտոնյաների կողմից, պետք է ընդունել առավելագույն լրջությամբ»,- ասաց նա։ 

Աբրահամյանն այս ամենն ուշագրավ է համարում նաև այն տեսանկյունից, որ վերջին 2-3 ամիսներին, գոնե արտաքուստ, Հայաստանի հասարակությունը ականատես է լինում միայն տարբեր երկրներից հնչող լավատեսական հայտարարությունների կամ մոտալուտ հանգուցալուծման ակնկալիքների։ 

«Այդ ֆոնի վրա, կարծես, որոշակի «հարմարավետության գոտի» է ստեղծվել՝ ստեղծելով տպավորություն, թե իրավիճակը գնում է խաղաղության հաստատման ճանապարհով։ Սակայն իրականում արդեն 1.5-2 ամիս է՝ առաջնագծի տարբեր հատվածներում արձանագրվում են Ադրբեջանի կողմից միտումնավոր և համակարգված խախտումներ։

Դրանք հատկապես վտանգավոր են Սյունիքի մարզի երկու բնակավայրերի՝ Խոզնավարի և Խնածախի ուղղությամբ, ինչը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ բնակավայրերը գտնվում են առաջնագծին շատ մոտ և դառնում են Ադրբեջանի համար հեշտ թիրախներ»,- ընդգծեց նա։  

Ըստ պատգամավորի՝ իշխանությունները սկզբնական շրջանում խուսափում էին հրապարակայնացնել սահմանային լարվածության մասին տեղեկությունները, սակայն ստեղծված իրադրությունն այնպիսի բնույթ է ստացել, որ հարկադրված են եղել հանդես գալ գոնե զգուշավոր հաղորդագրություններով։ 

 

  • Կիսվել: