Հայաստանն ու ԱՄՆ-ն Tripp նախագծի իրականացման համար կոնսորցիում կստեղծեն. Միրզոյան
Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են ապաշրջափակել միմյանց միջև տրանսպորտային հաղորդակցությունները, և այստեղ խոսքը վերաբերում է ամբողջ ենթակառուցվածքին։ Այս մասին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում լեհական TVP World հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Օրինակ՝ Հայաստանը ստանում է մուտք Ադրբեջանի երկաթուղային համակարգ, Ադրբեջանը՝ Հայաստանի երկաթուղային համակարգ, իսկ հետագայում՝ նաև ավտոճանապարհներին և այլ ենթակառուցվածքներին։
Մենք կարող ենք օգտագործել միմյանց ենթակառուցվածքներն այնպես, ինչպես դա անում են նորմալ հարևանները, օրինակ՝ Եվրոպայում կամ այլուր։ Այդ ենթակառուցվածքի այն մասը, որը հանդիսանում է ամենակարճ կապն Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, պետք է գործարկվի որպես TRIPP, այն է՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»։
Ի՞նչ է TRIPP-ը։ Հայաստանը և Միացյալ Նահանգները պատրաստվում են ստեղծել կոնսորցիում՝ ընկերություն, որը կլինի երկաթուղային անցուղու շինարարն ու հիմնական օպերատորը։ Այս կոնսորցիումն իր հերթին կարող է ներգրավել երրորդ ընկերության կամ ընկերությունների՝ այս կամ այն աշխատանքը կատարելու կամ ամբողջ անցուղու համար այս կամ այն ծառայությունը մատուցելու համար։ Բացի այդ, կոնսորցիումը կարող է իրականացնել, կառուցել և այնուհետև շահագործել նաև խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր և այլն։
Այսպիսով, բոլոր պայմանավորվածությունները փոխադարձ են լինելու։ Օրինակ՝ մենք նույնպես պատրաստվում ենք օգտագործել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքը՝ Հայաստանի հյուսիսն ու հարավը երկաթուղով իրար կապելու համար։ Ներկայումս նման երկաթուղային կապ գոյություն չունի:
Այժմ մենք, Միացյալ Նահանգներից ժամանած պատվիրակության կամ խմբի հետ միասին, պետք է համաձայնեցնենք անցուղու և այն ընկերության, որոնց մասին ես հենց նոր հիշատակեցի, տեխնիկական լուծումները, տեխնիկական մանրամասները։ Մենք արդեն սկսել ենք քննարկումներ մեր ամերիկյան գործընկերների հետ։ Կարծում եմ՝ առաջիկա ամիսներին կարող ենք ավարտին հասցնել այս գործընթացը, և դրանից հետո պետք է մեկնարկի շինարարությունը։
Եթե խոսենք երկաթուղային կապի մասին, մասնագետներն ասում են, որ դրա կառուցումը կարող է տևել, օրինակ, առնվազն երկու տարի։ Բայց մենք խիստ շահագրգռված ենք հնարավորինս շուտ կառուցելու, բացելու և վերագործարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կապերը, որովհետև, ինչպես ասացի, մենք հիմնական շահառուներից մեկն ենք։ Մենք նույնպես կարող ենք, օրինակ, ուղարկել կամ ստանալ ապրանքներ՝ օգտագործելով Ադրբեջանի Հանրապետության ենթակառուցվածքներն ու տարածքը։ Բայց սա հաղորդակցությունների մասով է:
Կա նաև Խաղաղության պայմանագրի հատվածը, որը նախաստորագրվել է Ադրբեջանի նախարարի և իմ կողմից։ Այսպիսով, մենք պատրաստ ենք. տեքստը վերջնականացվել է ավելի վաղ՝ այս տարվա մարտին, այժմ այն նախաստորագրված է, և մենք պատրաստ ենք հնարավորինս շուտ ստորագրել այդ պայմանագիրը։ Ադրբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, մենք չենք կիսում այդ օրակարգը։ Այնուամենայնիվ, նույնիսկ Խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման արարողությունից առաջ գոյություն ունեն գործընթացներ, որոնք արդեն ընթանում են կամ կարող են ընթանալ մինչև ստորագրումը։ Օրինակ՝ մենք քննարկել ենք միմյանց նկատմամբ ավելի հանդուրժող լինելու հնարավորությունը, կամ նույնիսկ ավելին՝ միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարները»։


