կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վերադառնում ենք՝ քաղաքը նորից շինհրապարակի վերածելու համար. Քոչարյան

Վերադառնում ենք՝ քաղաքը նորից շինհրապարակի վերածելու համար. Քոչարյան

Դուք համարու՞մ եք, որ այսօր Հայաստանն անվտանգ է, ՀՀ սահմանները պաշտպանված են, ձեր կյանքը լավացել է, ձեր եկամուտներն աճել են, երկրում կա համերաշխություն։ Մենք բոլոր հարցերի վերաբերյալ ունենք ՛՛ոչ՛՛ պատասխանը։ Այս մասին այսօր հանրահավաքի ժամանակ ասաց ՛՛Հայաստան՛՛ դաշինքի առաջնորդ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Խոսելով վերոնշյալ իրավիճակից ելքերի մասին՝ նա նշեց. ՛՛Ինչ պետք է անենք մենք՝ կառուցելու անվտանգ, պաշտպանված երկիր, ձեր կյանքի որակը բարելավելու համար, ինչ պետք է անենք երկրում համերաշխություն և սեր հաստատելու համար․ պետք է հեռացնենք այս իշխանությանը և հեռացնենք այդ մարդուն՛՛։

Քոչարյանն ասաց, որ իրենք Երևանում շատ բան են արել՝ փորձելով փոխել քաղաքի տեսակը. ՛՛1997-1998 թվականներին քաղաքում եղել է ընդամենը երեք լուսավորված փողոց։ Հիմա մենք վերադառնում ենք՝ քաղաքը նորից շինհրապարակի վերածելու համար, աշխատատեղեր ստեղծելու, ձեր կյանքի որակը բարելավելու համար։ Սա է մեր նպատակը, և դրա համար կա մեկ խոչընդոտ, որին պետք է վռնդել այստեղից՛՛:

Նա նաև հավելեց, որ իրենց փորձում են խանգարել, սակայն չեն հաջողի:

՛՛Գիտեմ, որ բազմաթիվ մարդկանց ազատել են աշխատանքից․ ասում եմ միանշանակ՝ կառավարության ձևավորման հաջորդ օրը բոլորը վերականգնվելու են իրենց աշխատանքներում և կոմպենսացվելու են նրանց կրած կորուստները, որ ունեցել են իրենց քաղաքական հայացքների պատճառով։ Մեր ճակատագիրը մեր ձեռքերում է։ Դուք եք որոշելու՝ ինչպիսի՛ Հայաստան ունենալ՛՛:

  • Կիսվել: