շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Վազգեն Մանուկյանի տիկնոջը հրավիրել են 6-րդ վարչություն՝ բացատրություն տալու

Վազգեն Մանուկյանի տիկնոջը հրավիրել են 6-րդ վարչություն՝ բացատրություն տալու

Վազգեն Մանուկյանի տիկնոջը՝ Վարդուհի Իշխանյանին, հրավիրել են 6-րդ վարչություն: Այս մասին նա գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում: Նա հավելել է, որ հրաժարվել է ներկայանալ և պարտավոր չէ բացատրություն տալ:

Իշխանյանը, մասնավորապես, նշել է.

 «Այսօր՝ նոյեմբերի հինգին ինձ զանգահարեց ոմն անծանոթ և ներկայացավ, որպես Ոստիկանության 6-րդ վարչության աշխատող և «հրավիրեց» վարչություն բացատրություն տալու իմ ս․թ․ հոկտեմբերի 30 –ի ֆեյսբուքյան գրառման կապակցությամբ։ Պատասխանեցի, որ հրաժարվում եմ ներկայանալ և պարտավոր չեմ բացատրություն տալ (օրնենքով բացատրություն տալու պարտավորություն կամ բացատրություն տալու նպատակով ներկայանալու պարտավորություն ոչ ոք չունի)։

Թվաց, թե հարցը սպառված է, բայց՝ ոչ։ Երեկոյան , մոտավորապես ժ․19.10 -ին, մեր բնակարանի շեմին նկատեցի երկու անծանոթների։ Հարցին, թե ովքեր են, պատասխանեցին՝ 6-րդ վարչությունից և շուրջ 15 րոպե պահանջում էին դուռը բացել և ստորագրել ինչ-ինչ փաստաթղթեր։ Եվս մեկ անգամ մերժեցի, բացատրելով մեր «փառապանծ» իրավապահ մարմինների աշխատողներին, որ բացատրություն տալ կամ չտալը իմ իրավունքն է և որ իրենք իրավունք չունեն ինձնից ստիպողաբար բացատրություն կորզել։

Կարծում եմ, ոստիկանները քաջատեղյակ են օրենսդրական կարգավորումներին, ու նման պարագայում այս ամենը ես համարում եմ ոչ միայն «իրավական» ապօրինություններ, այլև սպառնալիքներ իմ և իմ ընտանիքի նկատմամբ»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վարդուհի Իշխանյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ իրավապահներին կոչ էր արել ստուգել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ունեցվածքը՝ հարցադրում անելով՝ որտեղի՞ց նրան մեծ առանձնատուն և գումարներ:

«Դիմում եմ դատախազությանը, թող պարզի Բաբաջանյանի ֆինանսական աղբյուրները, որտեղի՞ց են շքեղ տունը, հարուստ ԶԼՄ-ն: Դիմում եմ ԱԱԾ-ին՝ թող պարզի նրա կապը օտարերկրյա ծառայությունների հետ»,- մասնավորապես գրել էր Իշխանյանը:

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ իր հերթին հանդես էր եկել գրառմամբ՝ տեղեկացնելով, որ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ ընդունել Վարդուհի Իշխանյանից հաղորդում և ստուգել նրա հայտարարությունները:

 

  • Կիսվել: