Թաթոյանը հրապարակել է ձայնագրություններ, որտեղ ուսանողներին հորդորում են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին
«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածուն՝ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանն այսօր ձայնագրություն հրապարակեց, որտեղ լսվում է, թե ինչպես է կինը վարչապետի այցին ընդառաջ ուսանողներին ասում «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական քարոզարշավին մասնակցելու մասին։
Թաթոյանն ասաց, որ խոսքը Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի մասին է:
Հրապարակված ձայնագրությունում կինն ասում է.- «Երեխեք ջան, վաղը ժամը հինգին մենք պետք է հրապարակում հավաքվենք, երկու կուրսին էլ վերաբերում է: Նրանք, ովքեր շատ հեռվից են գալու, խնդիր չկա մի քանի հոգու բացակայությունը ոչինչ: Բայց, նրանք, ովքեր ունեն այդ հնարավորությունը գալու, խնդրում եմ, ես էլ եմ գալու: Ինձ հանձնարարել են, որ ես ասեմ, ես էլ ձեզ եմ հանձնարարում, երեխեք: Այնպես չլինի, որ ես գնամ կանգնեմ հրապարակում ու տեսնեմ, որ իմ երկու խմբից ոչ մեկ չկա: Նայեք, տեսեք, ես պետք է իմ տնօրինության երեսը պարզ անեմ, դուք էլ՝ իմ»:
Մեկ այլ ձայնագրությունում կինը նշում է. «Չգիտեմ՝ ինչն է պատճառը, բայց նաև հանձնարարված է, որ մաքսիմալ շատ լինեք»:
Իշխող ուժից դեռևս արձագանք չկա: Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ երբ Արման Թաթոյանը դիմի, օրենքով սահմանված կարգով կզբաղվեն:


