հինգշաբթի, օգոստոս 18
18 / 8 / 2022
Վարչապետի որոշմամբ հաստատվել է Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը

Վարչապետի որոշմամբ հաստատվել է Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 1-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ ու 46-րդ հոդվածների 1-ին մասերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 26-ի N 751-Լ որոշմամբ հաստատված աշխատակարգի 15-րդ և 16-րդ կետերի`

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանյան Դաշնության կառավարության միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի և ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման ու գործառման համար հողամասերի հանձնման ու օգտագործման կարգի մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի 4-րդ պարբերությամբ սահմանված հայ-ռուսաստանյան միջպետական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) հայկական մասի կազմը` համաձայն հավելվածի:

2. Նշանակել`

1) ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ոլորտը համակարգող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալին` հանձնաժողովի հայկական մասի նախագահ.

2) ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության ՀԱՊԿ բաժնի վարիչին` հանձնաժողովի հայկական մասի նախագահի տեղակալ.

3) ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և անձնակազմի բնակավորման վարչության պետին` հանձնաժողովի հայկական մասի քարտուղար:

3. Հանձնաժողովի հայկական մասի նախագահին՝ յուրաքանչյուր տարվա ավարտին հաջորդող 30 օրացուցային օրվա ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի միջոցով ՀՀ վարչապետին ներկայացնել հաշվետվություն՝ հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության մասին:

4. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ նախագահի 2000 թվականի փետրվարի 26-ի «Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը հաստատելու մասին» N ՆՀ-489 հրամանագիրը»։

ՀԱՅ-ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԿԱԶՄ

• ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ,

• ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ,

• ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ,

• ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ,

• ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության ՀԱՊԿ բաժնի վարիչ,

• ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության միջազգային ռազմատեխնիկական համագործակցության վարչության պետի տեղակալ,

• ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության զորանոցաբնակելի ֆոնդերի կառավարման ծառայության պետ,

• ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետ,

• ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության միջազգային ռազմական համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ,

• ՀՀ զինված ուժերի թիկունքի վարչության կոմունալ շահագործման պլանավորման և վերահսկման ծառայության սպա,

• ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության տեղական ինքնակառավարման հարցերի համակարգման բաժնի պետ,

• ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման բաժնի պետ,

• ՀՀ կադաստրի կոմիտեի գրանցման վարչության պետ,

• ՀՀ կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պետ,

• ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի 3-րդ բաժնի պետ,

• Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինման վարչության պետական գույքի գրանցման և հաշվառման բաժնի պետ,

• Պետական գույքի կառավարման կոմիտեի պետական գույքի վարձակալության և անհատույց օգտագործման տրամադրման բաժնի պետ,

• ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ,

• ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ,

• Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ),

• Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ),

• Գյումրի համայնքի ղեկավարի 1-ին տեղակալ (համաձայնությամբ),

• Գյումրի համայնքի ղեկավարի խորհրդական (համաձայնությամբ)։

  • Կիսվել: