կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Վանեն՝ զոհված հերոս Վանիկ Մարգարյանի քույրը լույս աշխարհ եկավ, որ ծնողները չամոքվող վշտի մեջ հավատան հրաշքներին

Վանեն՝ զոհված հերոս Վանիկ Մարգարյանի քույրը լույս աշխարհ եկավ, որ ծնողները չամոքվող վշտի մեջ հավատան հրաշքներին

«Լրիվ շփոթված էի,մարմինս դողում էր, մտածում էի՝ հնարավո՞ր է նման բան»,- ահա այսպես Արցախյան 44-օրյա պատերազմի զոհված հերոս ջրաբերցի Վանիկ Մարգարյանի մայրը՝ Կարինեն իմացավ, որ 17 տարի անց նոր կյանք է լույս աշխարհ գալու։

Մեծ էր որդեկորույս ծնողների զարմանքը, որ շատ անսպասելի, առանց իրենց «հարցնելու» գալու է նա՝ Վանեն։ Շուշիի մատույցներում հերոսաբար զոհված ժամկետային զինծառայող Վանիկի բացակայությունը սփոփող փոքրիկ էակը։ 

Վանեն ծնվեց նոյեմբերի վերջին, որ Մարգարյանների ընտանիքում ջերմանա ձմեռը։ Արդեն երկրորդ ձմեռը՝ առանց Վանիկի ֆիզիկական ներկայության։  

Սպասումի ամիսները դժվար էին Կարինեի համար։ Հոգեկան ապրումներին գումարվել էին առողջական խնդիրները․ «Վատառողջ էի, ճնշման, սրտի խնդիրներ ունեի, բայց մեր փոքրիկը բարեհաջող լույս աշխարհ եկավ»։

Իսկ Վանեի ծննդին անհամբեր էին սպասում բոլորը, հատկապես՝  ավագ քույրերը, որ քույրիկի անունը  ծնվելուց դեռ  շատ առաջ էին որոշել։ Կարինեն պատմում է․ «Սկզբում աղջիկներս չէին հավատում, որ քույր են ունենալու։ Ասում էին՝ մեր ապերն է գալու։ Որոշել էին, եթե եղբայր ունենան անունը Վահան ենք դնելու, եթե քույր՝ Վանե»։

Եկավ Վանեն ու բոլորին հիշեցրեց Վանիկի մանկությունը՝  «Դիմագծերով նման են իրար»,-ջերմությամբ ընդգծում է  Կարինեն։

Տեսնես, երբ Վանեն մեծանա, բացի դիմագծերից Նոր տարվան  այդքան սիրով պատրաստվելու սովորությու՞նն էլ կնմանվի Վանիկին։

Առանց Վանիկի Մարգարյանների ընտանիքում  Ամանորը սովորական օր է։

«Քույրերն էլ արդեն մեծ են, չեն ուզում տոնածառը  զարդարել»,- ասում է Կարինեն։

Տոնածառից մինչև ամբողջ տունն ու շենք լույսերով զարդարող Վանիկը, բանակ գնալուց առաջ էլ մեծ ոգևորությամբ Ամանորին լուսավորել էր տունն ու  բակը։ Հիմա, էլ ոչ ոք նույնքան խանդավառությամբ, լույսերով չի զարդարում Մարգարյանների տունը։ Այսօր Վանիկի մասին հիշողություններն են տունը և՛ զարդարողը, և՛ լուսավորողը։

Իսկ հիշողությունները պինդ պահել է պետք, դրանք հասցեատեր ունեն՝ Վանեն։ Ով դեռ շատ փոքր է, բայց մայրն արդեն պատմում է եղբոր մասին, որովհետև քույրը օրորոցից պիտի լսի, որ Վանիկը հերոս է․ «Ամեն ինչ պետք է պատմեմ Վանիկի մասին։ Պետք է ամեն ինչ  իմանա»,- ասում է Կարինեն։

Հետո հիշողություններն անցյալ են տանում։ Պատմում է, որ  ամեն անգամ Վանիկին կշտամբելիս նույն պատասխանն էին լսում․« Ես գնալու եմ բանակ,   դառնամ զոհված ազատամարտիկ»։

Զգու՞մ էր Վանիկը, որ հերոսանալու է, դժվար է ասել։ Բայց այն, որ ինքը բանակ էր զորակոչվել պայքարելու և  պատվով ծառայելու համար հաստատ է ․«Ասում էր գնալու եմ ծառայեմ,  իմ ընկերները ծառայում են։ Շատ ոգևորված գնաց»,- հիշում է Կարինեն։

Վանիկի ֆիզիկական բացակայությունն ու ընտանիքի անսահման կարոտը  երազներն են մեղմում։ Վանիկը հաճախ է գալիս երազներում, գալիս է  օգնելու ու սփոփելու․«Ամեն հարցում զգում եմ Վանիկի ներկայությունը։ Օր չկա, որ չտեսնենք երազում, ես ամուսինս, աղջիկներս։ Միշտ ոնց որ ուզենա օգնի, ուժ տա, իր ամենասիրած խոսքն էր՝  ամեն ինչ հոյակապ ա լինելու»։

Կարինեն ասում է՝  Վանիկից հետո սպասումներ չունեն Նոր տարուց, դեռ չեն հաղթահարում կորստի անչափելի վիշտը։ Բայց, միևնույն է  երազանք շարունակում են պահել։ Բոլոր երազանքերը խաղաղության մասին են ու խաղաղության համար․

«Այն ցավը, որը մենք ենք տեսել, թող գոնե մյուս ծնողները չտեսնեն։ Միայն դա է երազանքս։ Թող ոչ ոք չզգա կորստի ցավը»։

 Կարինեն մի խորհուրդ էլ է տալիս բոլոր որդեկորույս ծնողներին, որ մտածեն իրենց կողքին ապրող մյուս զավակաների մասին․ ի՞նչ մեղք ունեն  հերոսների քույրերն ու եղբայրները, որ այսպես եղավ․ «Ամուսինս Վանիկից հետո միշտ ասում էր՝ էլ կյանք չկա,  մի օր փոքր աղջիկս ասաց ՝ պապ մենք քո երեխեքը չե՞նք»։

Հիմա Արդեն Վանիկի հայրը՝ Կարենը, 3 դուստր ունի ու որդի՝ հերոս, ում ներկայությունը զգում են մշտապես ու ամենուր։ Ու հիմա Կարենը լավ գիտի՝ կյանք կա, իսկ կյանքի նոր իմաստը եկավ շատ անսպասելի, որ ծնողները չամոքվող վշտի մեջ հավատան հրաշքներին։

Վանեն եկավ Մարգարյանների ընտանիք, որ բոլորին ապացուցի՝ ապրել է պետք։ Եկավ, որ Վանիկի չհաղթահարվող բացակայությունը  լցնի մանկական անհոգ ծիծաղով, որը Մարգարյանների տանից Նոր տարում անպայման կլսվի, գրում է Zarkerak.am-ը։

  • Կիսվել: